Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքը ներառո՞ւմ է ԼՂ-ն, թե՝ ոչ:
«86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, բայց նաև պետք է արձանագրել, որ մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայության և իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատում»,- ասաց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ հիմա ՀՀ Կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, վարչապետը պատասխանեց, թե ՀՀ-ի այսօրվա կառավարությունն ինչ «ասի-չասի», ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել, և, մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում, այս հարցում Ադրբեջանի հետ իրար, Հայաստանը, այո՛, ճանաչում է Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատով, ապա հավելեց, որ հայկական կողմը նաև կարևոր է համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը:https:
«Նկատի ունենք, օրինակ, որ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- ասաց Փաշինյանը և կարևոր համարեց, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու:
Վարչապետը նշեց, որ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման փաթեթում ներառված են նաև անկլավները, այսինքն՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքում ներառված են նաև ադրբեջանական անկլավները, իսկ ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի մեջ՝ Արծվաշենը: