Թեև 2 ամիս ուշացումով, բայց արդեն Երևանում է քաղաքապետարանի պատվիրած տրոլեյբուսների մի մասը: Դրանք չինական արտադրության ժամանակակից մոդելներ են՝ կահավորված տեսախցիկներով, օդափոխության համակարգերով, սայլակով անձանց համար իջնող հարթակով: Թե հատկապես որ երթուղին կսպասարկեն դրանք, քննարկման փուլում է:
Սպասվում է, որ վաղը ևս 4 տրոլեյբուս կհասնի Երևան: 4-ն արդեն տեղում է: Մատակարար կազմակերպությունը խոստացել է՝ մնացած 7-ը կլինի ամսվա վերջում:
Չժու Սյաու Յան («Յութոնգ» ընկերության ԱՊՀ երկրներում տրոլեյբուսների վաճառքի գծով տնօրեն) - Սա Չինաստանում տրոլեյբուսների ամենանոր ու ամենաժամանակակից մոդելն է: Սրանցով դռներն են բացվում, սրանց միջոցով հնարավոր է ետ ու առաջ վարել, մոնիտորի վրա երևում է տրոլեյբուսի աշխատանքային վիճակը և, ամենակարևորը, ուզում եմ ցույց տալ, որ հնարավոր է իջեցնել տրոլեյբուսի հատակը՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար ավելի մատչելի դարձնելու համար: Վարորդի նստատեղը նույնպես շատ հարմարավետ է՝ մերսման հնարավորությամբ:
Նոր տրոլեյբուսները 12 մետր երկարություն ունեն, 25` նստելու ու ևս 60 տեղ` կանգնելու համար: Սայլակով անձանց համար առանձին տարածք է հատկացված՝ նաև անվտանգության ամրագոտիներով: Սրահում օդափոխության համակարգ կա, կահավորված է տեսախցիկներով, յուրաքանչյուր նստատեղի մոտ հեռախոսի լիցքավորման հնարավորություն կա:
Չժու Սյաու Յան - Սա կանգառի ազդանշանն է, այն աշխատում է, եթե դռները փակված են: Նաև անվտանգության այնպիսի համակարգ կա, որ եթե դռները բաց են, տրոլեյբուսը չի կարող շարժվել: Սայլակով անձանց զանգի ազդանշանը տարբեր է, որ վարորդն իմանա՝ հաջորդը նրա կանգառն է, ու պետք է դուրս գալ՝ օգնելու:
Նոր տրոլեյբուսները կարող են երթևեկել նաև կոնտակտային ցանցից անջատված՝ լիցքավորվող մարտկոցի միջոցով: Քննարկվում է` գործող երթուղիները, որոնք 40-45 կմ են, դրա շնորհիվ երկարեցնել ևս 20-30 կմ-ով:
Վազգեն Հարությունյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար) - Մասնավորապես, հնարավոր է տարբերակ, որ երթուղին ավարտվի, տրոլեյբուսն անջատվի կոնտակտային ցանցից և մարտկոցի միջոցով այլ վարչական շրջան մտնի, ամբողջ վարչական շրջանում կարողանա նոր երթուղի կազմակերպել, հետ գալ, միանալ նորից կոնտակտային ցանցին և գործող երթուղով շարունակել:
Մայրաքաղաքում տրոլեյբուսային 5 երթուղի կա՝ մոտ 50 միավոր շարժակազմով: 15 նոր տրոլեյբուսները կշահագործվեն գործող երթուղիներից մեկում: Թե հատկապես որում, դեռ վերջնական որոշված չէ: Ընդհանուր առմամբ, համայնքը պատրաստվում է ձեռք բերել 101 տրոլեյբուս:
Առայժմ երթուղի դուրս եկող շարժակազմից ամենանորը 15 տարվա է, ամենահինը՝ 35: Դրանց շահագործման թույլատրելի ժամկետի վերաբերյալ սահմանված նորմեր չկան. տրանսպորտի վարչության ղեկավարի խոսքով` օրենսդրությունը բաց ունի, բայց ավտոբուսների դեպքում՝ 10 տարի է:
Տրոլեյբուսները Երևան են հասել ու հասնելու` ուշացումով: Չինական «Յութոնգ» կազմակերպությունը պայմանագրով սահմանված ժամկետը խախտել է մոտ երկու ամսով:
Վազգեն Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ ծանուցվել է մատակարար ընկերությանը ուշացումների հետ կապված կանխատեսվող տույժ-տուգանքների, պայմանագրով սահմանված տույժ-տուգանքների և հետևանքների մասին: Յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պայմանագրի գնից որոշակի տոկոս կա սահմանված, դա արդեն իսկ հաշվարկվում է:
Վարչության պետի փոխանցմամբ` մատակարար ընկերությունը, որը նաև արտադրողն է, ուշացումը բացատրել է ցամաքային ճանապարհով փոխադրվող բեռի չափսերի հետ: Վրաստանում համապատասխան մեքենայի վրա տեղադրվելիս բեռի չափսերը թույլատրելիից մեծ են: Տրոլեյբուսները Երևան են հասնում մասերի բաժանված: Չինական ընկերության ներկայացուցիչը ուշացումը պայմանավորեց նաև քովիդի համավարակով ու պատերազմով:
Երևանի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել ևս 15 տրոլեյբուս ձեռք բերելու համար:
Հեղինակ` Աննա Զախարյան