Գործադիրը որոշել է կանոնակարգել տարբեր քրեական գործերով պետությանը, համայնքին, քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, նաև որպես գրավ վճարված գումարների հաշվառման գործընթացը: Նախագիծը մշակած կառույցի՝ Արդարադատության նախարարության պաշտոնյան բացատրում է՝ այսուհետև փոխանցման հասցեն հստակ է լինելու: Նախաքննական մարմիններն այլևս դեպոզիտային հաշվեհամար չեն ունենա, ամբողջը կհավաքվի Ֆինանսների նախարարությունում:
Գարիկ Աբելյան (ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ) - Հանցագործությամբ պետությանն ու համայնքին պատճառված վնասը ենթակա է փոխանցման ֆինանսների նախարարության կողմից վարվող մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այսինքն՝ ի տարբերություն նախկին կարգավորումների, երբ այդ գումարները փոխանցվելու էին, օրինակ, Քննչական կոմիտեի կամ հենց համայնքի բյուջե, կամ, օրինակ, դատախազության դեպոզիտ, դրանք փոխանցվելու են ՖՆ գանձապետական հաշվեհամարին:
Այլ մոտեցում է որդեգրվել, սակայն, ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատճառված վնասի դեպքում: Գործող կարգով, Աբելյանն ասում է, դրանք փոխանցվում էին կա՛մ նախաքննական մարմիններին, կամ էլ ուղիղ վնաս կրողին, իսկ նոր մոտեցմամբ միայն երկու մարմին կդառնա պատասխանատու:
Գարիկ Աբելյան - Այդ գումարների փոխանցումն իրականացվելու է արդեն մինչդատական վարույթում՝ մինչև գործը դատարան ուղարկելը, դատախազության դեպոզիտ հաշվեհամարին, իսկ արդեն դատարանի վարույթում քննվող քրեական գործերի պարագայում այդ գումարները ենթակա են լինելու փոխանցման, համապատասխանաբար, դատարանի դեպոզիտ հաշվեհամարին:
Նույն մոտեցումը կլինի նաև գրավի ու արգելադրված գույքի դեպքում: Աշխատանքային խումբը, որն ստեղծվել էր խնդիրն ուսումնասիրելու համար, Աբելյանի խոսքով, պարզել է նաև, որ, օրինակ, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին առկա միջոցներից 166.5 միլիոն դրամի, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում՝ 585 միլիոնի անդորրագրում վճարման նպատակ նշված չի եղել: Հիմա հնարավոր նույնականացման համար ուսումնասիրություններ են կատարվում, բայց 25 միլիոնի մասով էլ առհասարակ տվյալներ չեն հայտնաբերվել: Որ այլևս տվյալները չկորեն, Կենտրոնական բանկը կսահմանի անդորրագրի ձև, ու հստակ կդառնա՝ ով և ում է գումար փոխանցում, ինչ քրեական գործի շրջանակում:
Գարիկ Աբելյան - Կնշվեն ոչ միայն վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ տվյալներ. այլ նաև քրեական վարույթի համար, որով այդ գումարի վճարումն իրականացվելու է, ինչպես նաև կոնկրետ վճարողի վերաբերյալ տվյալներ, մեղադրյալի վերաբերյալ տվյալներ, և, ըստ էության, հնարավոր կլինի նման կարգավորումներով ցանկացած պահի հստակեցնել, թե կոնկրետ գործով ինչքան փոխանցում է կատարվել, ինչքան գումար է վճարվել. նախկին կարգավորումների պարագայում դրանք միանշանակ չէին:
Փոփոխության և գումարը տնօրինող կառույցների շրջանակը նեղացնելու որոշումը, ըստ մասնագետի, թույլ տա ավելի արդյունավետ վերահսկողություն իրականացնել: Տարին երկու անգամ էլ տվյալ երեք կառույցները՝ դատախազությունը, դատական դեպարտամետն ու Ֆիննախը, հաշվետվություններ կներկայացնեն՝ ավելի թափանցիկ դարձնելով գործընթացը: Նախարարությունում հույս ունեն՝ մինչև աշուն նախագիծն օրենք կդառնա: