Գյուղատնտեսությունից մինչև սննդի և զբոսաշրջության ոլորտներ. ցանկն ամբողջական չէ: Ընտանիքում բռնության ենթարկված անձինք այս տարվանից տարբեր բնագավառներում մասնագիտանալու հնարավորություն կունենան: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագիրը պիլոտային է. գործելու է դեռ Արագածոտնի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, նպատակը՝ որ այս մարդիկ ավելի անկախ դառնալու հնարավորություն ունենան:
Սոֆի Բոստանչյան (ՀՀ ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ) - Եթե նախորդ տարիներին մենք բավարարվում էինք միայն օրենքով նախատեսված առաջնային օգնության տրամադրմանմբ՝ դա կլիներ իրավաբանական, հոգեբանական, սոցիալական օգնությունը, այս տարի ավելացրել ենք նաև մեկ կարևոր կոմպոնենտ՝ ընտանիքում բռնության ենթարկված կանանց սոցիալ-տնտեսական հզորացման ծրագիրը:
Արդեն երեք տարի պետությունը ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության երեք ծրագիր է իրականացնում: Երևանում և բոլոր մարզերում գործող աջակցության կենտրոններին 2023-ին հատկացվել է մոտ 97 մլն դրամ, նախորդ տարի գումարը 66 մլն էր։ Ապաստարանի ծառայության համար այս տարի ևս նախատեսվել է 13 մլն, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության համար՝ 10 մլն դրամ:
Սոֆի Բոստանչյան - Ֆինանսական աջակցություն նախորդ տարիներին մենք նախատեսել էինք տրամադրել մինչև 100 հոգու համար, բայց 2022-ին շուրջ 121 հոգու տրամադրել ենք: Աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել են 1700-ից ավելի քաղաքացիներ, ապաստարանի ծրագրից՝ 200-ից ավելի քաղաքացիներ: Համեմատության համար ասեմ, որ նախորդ տարիներին ապաստարանին շուրջ 130 հոգի են ծառայությունից օգտվել, իսկ աջակցության կենտրոններից՝ 1500:
Ոչ թե բռնության դեպքերն են ավելացել, այլ հասարակության իրազեկվածություն է բարձրացել՝ ասում է «Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատուն: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ մարդիկ աստիճանաբար ավելի շատ են տեղեկանում՝ ուր դիմել ու ինչ աջակցություն ստանալ: Բռնության ծանր դեպքերն էլ դեռ քիչ չեն՝ նշում է իրավապաշտպանը, ընդգծում՝ ամեն դեպքում այստեղ ևս դրական միտում է նկատվում, հատկապես մարզերում:
Զարուհի Հովհաննիսյան («Կանանց աջակցման կենտրոնի» հանրային կապերի պատասխանատու) - Դրական միտումն այն է, որ եթե նախկինում կանայք դիմում էին 15-20 տարի համատեղ կյանքից և ընտանեկան բռնության ենթարկվելուց հետո, այժմ այդ միտումը երիտասարդացել է, և երիտասարդ կանայք այլևս չեն հանդուրժում բռնությունը և ավելի վաղ են ազդարարում բռնության վերաբերյալ՝ չհասցնելով ծանր դրսևորումների: Բռնությունը ավելի վաղ շրջանում է կանխարգելվում այդ դեպքերում:
Նախարարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների որակն ավելի բարձրացնել, շրջանակն էլ՝ ընդլայնել:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան