Վանաձորում շինարարական ակտիվ եռուզեռ է։ Մեկնարկել են 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով նախատեսված շինաշխատանքները, արժեքը՝ 2 մլրդ 80 մլն դրամ: Մոտ 600 մլն դրամի ևս 3 ծրագրի հայտ համայնքը ներկայացրել է 2023-ի համար:
Արամ Խաչատրյան (Լոռու մարզպետ) - Այս աշխատանքների արդյունքում կբարելավվի մեր քաղաքացիների երթևեկությունը, բարեկեցիկ կյանքը։ Նաև մեր ուշադրության կենտրոնում են այն 3 գյուղական բնակավայրերը, որոնք նախանցած տարվա ընտրությունների արդյունքում միավորվեցին Վանաձորին։
Արկադի Փելեշյան (Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար) - Ծավալները շատ մեծ են, ինչ սկսել ենք էս տարի, պիտի վերջացնենք անպայման էս տարի։ Հետևողական ենք, անընդհատ նայում ենք, ուզում ենք իդեալական լինի ամեն ինչը։
5600 բնակիչ ունեցող Գուգարք բնակավայրում կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհները, կկառուցվի սելավատար: 88-ի երկրաշարժից հետո բնակավայրի մանկապարտեզը գործել է տնակային պայմաններում։ Նախատեսվում է շուրջ 130 երեխայի համար մանկապարտեզ կառուցել:
Հայկանուշ Սարգսյան (Գուգարք բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնակատար) - Խոշորացումից հետո ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ կան Գուգարքում սուբվենցիոն ծրագրերով աշխատանքներ իրականացնելու։ Շատ կարևոր է այսօր ունենալ Գուգարքում գուգարքցի երեխաների համար ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված, սիրուն, տիպային մանկապարտեզի շենք։
Այս տարի կմեկնարկի Վանաձոր համար 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցման 2-րդ փուլը, նոր շենք կկառուցվի նաև համար 4 տնակային մանկապարտեզի համար։ Կհիմնանորոգվեն տիկնիկային թատրոնը, Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակը, «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի» հիմնական մասնաշենքը, կիրականացվեն մի շարք շենքերի տանիքների ջերմամեկուսացման և նորոգման աշխատանքներ։ Համայնքի կարիքների համար ձեռք կբերվեն աղբատար մեքենաներ, կարդիականացվի Վանաձորի գլխավոր փողոցների լուսավորության համակարգը։ Սուբվենցիոն միջոցների առյուծի բաժինն ուղղվել է ճանապարհաշինությանը: Կկառուցվի մոտ 10-ը կմ ճանապարհ՝ 1,5 մլրդ դրամ արժեքով։
Արկադի Փելեշյան - Նույն էս ճանապարհը, որտեղ կանգնած ենք, 50 տարի վերանորոգված չի եղել։ Մեր բոլոր ճանապարհները այ էդ ձևի վիճակում են եղել, փորձում ենք սաղ շտկենք։
Վանիկ Օհանյան (Վանաձոր համայնքի ավագանու անդամ) - Կարևորության մասին նույնիսկ էս պահին շեշտադրում ավելորդ անել պետք չի, որովհետև կոմունիկացիաների լիարժեք, ամբողջական աշխատանքի համար դրանք ուղղակի կենսական կարևորություն ունեն մեր համայնքի համար։
Սուբվենցիոն միջոցներով մեկնարկել են Վանաձորի կարևոր նշանակության մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Դրանք շահագործման կհանձնվեն մինչև օգոստոս: Նորոգվում են նաև Շահումյան և Դարպաս բնակավայրերի ճանապարհները:
Արամ Խաչատրյան - Մարզպետարանի կողմից վերահսկվում են աշխատանքները, տեղում մենք ծանոթանում ենք խնդիրներին, արձանագրում ենք, եթե կան թերություններ, խնդիրը դրվում է, ժամկետներ են դրվում, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։
Սուրեն Աբովյան (Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ) - Գլխավոր փողոցների 80 տոկոսը արդեն կունենանք հիմնանորոգված, նաև տեղեկացնեմ, որ մյուս տարվա սուբվենցիոն ծրագրերով արդեն մյուսներն են ներառված, հիմնանորոգելու համար։ Բոլոր նախագծերը վերջին անգամ կամ հիմնանորոգվել, կամ կառուցվել են գրեթե կես դար առաջ՝ 70-80-ական թվականներին։
Համայնքում մոտ 10-ը կմ երկարությամբ ճանապարհ նորոգվում է նաև պետբյուջեի միջոցներով։ Վանաձորում արդեն քննարկում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի հայտերը: Նախատեսում են 3,2 մլրդ դրամի ծրագիր իրականացնել, մեծ մասը կրկին ճանապարհաշինական աշխատանքներ կլինեն։
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան