ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՊՐԻԳՈԺԻՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտ քաղաքն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության տակ: Նա տեղեկացրել է, որ մայիսի 25-ից «Վագներն» իր ստորաբաժանումները դուրս կբերի Բախմուտից՝ հանգստանալու և վերապատրաստվելու համար, իսկ քաղաքը կհանձնվի ՌԴ ՊՆ-ին։
Ուկրաինական կողմը հերքել է տեղեկությունը: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է.
«Բախմուտում ծանր մարտեր են: Սակայն ուկրաինական զորքերը պահում են պաշտպանությունը «Ինքնաթիռ» կոչվող հատվածում»:
Երկրի զինված ուժերի Արևելյան խմբավորման ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին էլ նշել է, որ ուկրաինական ստորաբաժանումները կանգնած են քաղաքի հարավարևմտյան մասում և թույլ չեն տալիս ռուսական կողմի առաջխաղացումը:
«Ուկրաինայի Զինված ուժերը Բախմուտի շրջափակման գործողություն են իրականացնում, սակայն հենց քաղաքից, հնարավոր է, անվտանգության նկատառումներով դուրս գան, քանի որ շատ փոքր տարածք է մնացել և այն հեշտ է հրետակոծել», - հավելել է Չերևատին:
ԱԼԻԵՎԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ
Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենք է գնում, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանի հավատարմագրերն ընդունելիս:
Ալիևը դժգոհել է՝ «Ինչո՞ւ է Հայաստանը զինվում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»: Նրա խոսքով՝ «նման քաղաքականությունը կհանգեցնի տարածաշրջանում նոր սպառնալիքների»։
Ադրբեջանական կողմը, այդ թվում` ԱԳՆ մակարդակով, նախկինում ևս դժգոհություն էր հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև զարգացող ռազմական համագործակցության կապակցությամբ։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ԱՄՆ նախագահը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Ջո Բայդենը նշել է՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը։
«Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։ Ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ընթացքում մենք միասին ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կովկասի անվտանգությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,-ասված է Սպիտակ տան ղեկավարի ուղերձում:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայդենը հույս է հայտնել, որ Բաքուն և Վաշինգտոնը այսուհետ ևս կամրապնդեն երկկողմ գործակցությունը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսության ոլորտներում:
ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնելու Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև:
Փաշազադեն երախտագիտություն է հայտնել պատրիարքին՝ վերջինիս գործունեության համար, որը, նրա խոսքով, ուղղված է Հարավային Կովկասում փոխվստահության վերականգնմանը:
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ
Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնելու և երեկ Թբիլիսիում 2019 թվականից ի վեր ռուսական առաջին ինքնաթիռի վայրէջքի պատճառով երկրում լարված իրավիճակ է: Խորհրդարանում ՆԳ նախարարի ելույթից հետո ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել:
Վրաստանի վարչապետը ողջունել է չվերթների վերսկսումը՝ նշելով՝ չեն խախտում Արևմուտքի պատժամիջոցները և չեն գործակցում այնպիսի ընկերությունների հետ, որոնց հանդեպ գործում են հակառուսական սահմանափակումները: ԱՄՆ-ը և ԵՄ-ն, այնուհանդերձ, մտահոգություն են հայտնել, կոչ արել Թբիլիսիին դեմ չգնալ Արևմուտքի վարած քաղաքականությանը:
Չեն դադարում նաև բողոքի ցույցերը: Քաղաքացիները պահանջում են իշխանություններից հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթներից և չփչացնել Եվրամիության հետ հարաբերությունները:
Լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ իրավապահները բերման են ենթարկել մի շարք վրացիների, որոնք ցույցեր են անցկացրել վրացական հյուրանոցներից մեկի դիմաց, որտեղ Ռուսաստանի քաղաքացիներ են եղել:
ՀԻՐՈՇԻՄԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ԿԻԵՎԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հիրոշիմայում ընթացող Յոթի խմբի գագաթնաժողովի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևին հետագա ռազմական աջակցությունը: Զելենսկին շնորհակալություն է հայտնել Սունակին Ուկրաինայի երկնքի պաշտպանությունն ուժեղացնելու համար:
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպմանն էլ Զելենսկին ընդգծել է ՀՕՊ համակարգերի հզորացման և ուկրաինացի օդաչուների ուսուցման անհրաժեշտությունը։
2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ Ուկրաինայի նախագահը քննարկումներ է անցկացրել Հնդկաստանի վարչապետի հետ, հանդիպել նաև Եվրոպական խորհրդի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի հետ:
Ակնկալվում է, որ Զելենսկին կհանդիպի Ջո Բայդենի հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգներում ուկրաինացի օդաչուների ուսուցման հեռանկարը, որ վերջիններս կարողանան օգտվել ամերիկյան F-16 կործանիչներից։