Յոթի խմբի առաջնորդները եզրափակիչ կոմյունիկե են ընդունել, պատրաստակամություն հայտնել կայուն հարաբերություններ կառուցել Չինաստանի հետ՝ հաշվի առնելով G7-ի երկրների ազգային շահերը:
Հիրոշիմայի գագաթնաժողովի մասնակիցներն ընդգծել են, որ Յոթնյակը չի ձգտում վնասել Չինաստանին և խոչընդոտել նրա տնտեսական զարգացումը։ Նրանք նաև կարևորել են Թայվանի նեղուցում կայունության ապահովումը և հավատարմություն հայտնել «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։ G7-ի երկրները կոչ են արել Չինաստանին՝ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա պատերազմը դադարեցնելու և ռուսական զորքերն Ուկրաինայից դուրս բերելու համար։
«Մեծ յոթնյակի» ղեկավարները հաստատել են, որ կշարունակեն Ուկրաինային «դիվանագիտական, ֆինանսական, հումանիտար և ռազմական» աջակցությունը, ինչպես նաև համապատասխան միջոցներ կձեռնարկեն Ռուսաստանի և այդ երկրին աջակցողների դեմ:
Յոթի խումբը նաև մտադրություն է հայտնել աշխատելու Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ պայքարելու տարածաշրջանային մարտահրավերների, այդ թվում՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքների դեմ։
Առաջնորդները վերահաստատել են առևտրային և էներգետիկ կապերն ամրապնդելու, տրանսպորտային, այդ թվում՝ Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու նախագծերին աջակցելու մտադրությունը:
Գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել միջուկային էներգիայի՝ խաղաղ նպատակներով օգտագործման օգտին:
Փաստաթղթում անդրադարձ է եղել նաև էկոլոգիական, պարենային, կլիմայական, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահական և այլ ոլորտների, ինչպես նաև ճգնաժամերին Սուդանում, Սիրիայում, իսրայելա-պաղեստինյան հարաբերություններին: