Դպրոցականների նախավարժանքն է, րոպեներ հետո պետք է դուրս գան վազքուղի՝ պարզելու, թե որ թիմն ավելի արագ կհաղթահարի 5000 մետր տարածությունը: Դիլիջանի Պարզ Լիճ տանող ճանապարհին երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը: Միջոցառմանը մասնակցում են բոլոր մարզերից և Երևանից 11 թիմ: Մինչև մեկնարկը վարչապետը հանդիպեց թիմերին և հաջողություն մաղթեց:
Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս մրցաշարում առաջինը եզրագիծն ամբողջ թիմով հատեցին Սյունիքի դպրոցականները, երկրորդը Վայոց ձորն է, երրորդը՝ Լոռին: Պարգևները հանձնեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք հիմա վարչապետի գավաթ խորագրի ներքո 4 մրցաշար ունենք, և պիտի խոստովանեմ, որ 2 տարվա արդյունքներով, ակնհայտորեն, այդ նախնական մտահղացմանը, նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է խճուղային վազքի դպրոցականների մրցաշարը, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:
Վարչապետի խոսքով՝ զարգացման հիմնական գրավականը սովորելն է. սովորել առողջ սնվել, սովորել հաղթահարել: Եվ ըստ Փաշինյանի՝ այս մրցաշարը դրա համար է:
Նիկոլ Փաշինյան - Սա մի կարևոր իրադարձություն է: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր հետևել են մրցաշարին, ունեն այդ հարցի պատասխանը, թե ինչու են այսքան շատ պետական բարձրաստիճան անձինք եկել և երկու օր զբաղված են այստեղ այս գործով: Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին:
Մրցաշարին նախորդած՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մարի Սարգսյանն առաջարկել էր, բացի թիմային մրցանակներից, նաև անհատական մրցանակ տալ առաջինը եզրագիծը հատող տղային և աղջկան: Վարչապետն ընդունել էր առաջարկը՝ վերջնարդյունքում հենց նա էլ ամենաարագն էր աղջիկների շարքում:
Մարի Սարգսյան (Շիրակի մարզի Առափիի միջնակարգ դպրոցի աշակերտուհի) - Մտածեցի, որ եթե, օրինակ, թիմից մեկը գա առաջինով, իսկ մնացածը վատ արդյունքներ ցույց տան, կարող է էդ թիմը ընդհանուր կա՛մ որակազրկվի, կա՛մ որևէ հորիզոնական չզբաղեցնի, ու մտածեցի, որ էդ առաջին տեղին կարելի է ինչ-որ բանով խրախուսել:
Լավագույն վազորդներին մրցանակները հանձնեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Արթուր Համբարձումյան (Սյունիքի մարզի Կապանի թիվ 9 ավագ դպրոցի աշակերտ) - Բնականաբար սպասում էինք, որ 2-րդ տարին իրար հետևից կդառնանք հաղթող, որովհետև պարապում էինք, շատ լավ էինք պարապում, համեմատած այս տարածաշրջանի, որ մենք վազել ենք, մեր պարապմունքները ավելի բարդ էին:
Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացավ 4 մլն դրամ, երկրորդը՝ 2.5 մլն, երրորդը` 1.5 մլն դրամ: Ֆիզկուլտուրայի ուսուցիչները համապատասխանաբար ստացան՝ 700, 500 և 300 հազար դրամ: Աշակերտներից յուրաքանչյուրն էլ ըստ թիմի գրաված տեղի՝ 150, 100 և 75 հազար: Թե՛ նախորդ և թե՛ այս տարի 2-րդ տեղը զբաղեցրած Վայոց ձորի մարզը ներկայացնող թիմի ուսուցիչը նշեց՝ մրցանակային գումարը դպրոցին շատ է օգնել:
Արարատ Մկրտչյան (Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ) - Դահլիճը մենք վերանորոգեցինք անցած տարի, հանդերձարաններ չունեինք, սարքել ենք, հանդերաձարաններ ունենք հիմա գեղեցիկ: Էս տարի էլ, երևի, մնացած թերի բաները կանենք, գույք ենք նաև ձեռք բերել էդ գումարով:
Այս տարի մրցաշարին մասնակցությունն ավելի ակտիվ է եղել՝ նշեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Մարզային փուլերը բավականին լավ են կազմակերպել, և յուրաքանչյուր դպրոցից մասնակցում է 7 հոգանոց թիմ՝ 5 տղա, 2 աղջիկ: Հիմնականում բարձր դասարաններ են: Իհարկե, կան նաև 7-րդ, 8-րդ դասարանցիներ:
Խճուղավազքից առաջ նաև քայլերթ և տեղեկատվական արշավ եղավ: Նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն էր՝ մանրամասնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Եթե մենք չունենանք սովորություններ, որոնք մեզ ամբողջ կյանքում օգնելու են պահպանելու առողջությունը, չենք կարող առողջ հասարակություն կառուցել: Մենք սովորեցնում ենք ճիշտ սնվել, ֆիզիկական ակտիվ կյանք վարել, ունենալ այնպիսի սովորություններ և դրանք սերմանել, որոնք ամբողջ կյանքի համար օգտակար են լինելու:
Մասնակից բոլոր թիմերը հավաստագրեր և մարզագույք ստացան, միջոցառման կազմակերպիչներն ու օժանդակողներն էլ՝ շնորհակալագրեր և նվերներ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան