4 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԱՅԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱ-ԹԲԻԼԻՍԻ 1-ԻՆ ՉՎԵՐԹԸ
Չորս տարվա ընդմիջումից հետո այսօր կայացել է Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը: Այն իրականացրել է ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը։ Վրաստանի իշխանություններն ընդգծել են, որ կգործակցեն միայն այն կազմակերպությունների հետ, որոնց վրա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեն տարածվում։
Այնուհանդերձ, Արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն, որին ցանկանում է անդամակցել Թբիլիսին, մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման հետ կապված և կոչ արել Թբիլիսիին միանալ հակառուսական պատժամիջոցներին:
Այսօր Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթի ֆոնին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է.
«Եվրամիության քաղաքականությանը հետևելու համար մենք պետք է այդ կառույցի անդամ լինենք, իսկ մենք դեռ անդամ չենք»:
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, անցանկալի է անվանել Թբիլիսիում ռուսական ինքնաթիռի վայրէջքը: Մայրաքաղաքի օդանավակայանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցուցարարները ռուսական ինքնաթիռով ժամանածներին ուղղված պաստառներ են կրել՝ «Ձեզ այստեղ ուրախ չեն տեսնել» գրությամբ:
ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԸ ԿՉԵՂԱՐԿՎԵՆ
Ռուս զբոսաշրջիկների համար Իրան մուտքի վիզաները կչեղարկվեն մինչև սեպտեմբեր, հայտարարել է Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆիանը։
«Բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել: Իրանը ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է: Նրանց թիվը երկու տարում կրկնապատկվել է», - ասել է պաշտոնյան։
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայում մայիսի 28-ին նախատեսված՝ նախագահի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ` Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա հակադարձել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քլըչդարօղլուի հայտարարություններին` այն մասին, թե Անկարան պետք է կենտրոնանա Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու վրա և առաջնահերթությունը չտա Մոսկվայի հետ գործակցությանը:
Նա ընդգծել է՝ հացահատիկի գործարքի երկամսյա երկարաձգումը հնարավոր է դարձել հենց Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի «առանձնահատուկ հարաբերությունների» շնորհիվ։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի նման երկրների հետ հարաբերություններում հարկավոր է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ինչն, օրինակ, Արևմուտքը չի անում։
Նա նաև կրկնել է՝ Անկարան չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին: Ռեջեփ Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ մայիսի 28-ի ընտրություններում հաղթելուց հետո անկասկած շարունակելու է աշխատել Ջո Բայդենի հետ:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան դեռ չի պատրաստվում զորքերը դուրս բերել Սիրիայի տարածքներից: Էրդողանն, այնուհանդերձ, նշել է՝ Բաշար Ասադի հետ հաշտության հասնելու ճանապարհին որևէ խոչընդոտ չի տեսնում՝ պայմանով, եթե հնարավոր լինի պայքարել Սիրիայի հյուսիսում ահաբեկչության դեմ։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՊԼ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Սաուդյան Արաբիայում մեկնարկել է Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը: Այս տարվա հանդիպումը պատմական է, քանի որ դրան վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են Եմենում, Լիբիայում, Սիրիայում, Սուդանում ճգնաժամերի կարգավորումը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արաբական լիգայի ուշադրության կենտրոնում են նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համակարգումը։
Գագաթնաժողովի շրջանակում Ասադը կոչ է արել արաբական առաջնորդներին համատեղ ռազմավարություն մշակել՝ դիմակայելու իրենց երկրների առջև ծառացած մարտահրավերներին և արտաքին միջամտությանը: Նա ընդգծել է՝ Ջիդայում անցկացվող բանակցությունները նոր փուլ են բացում արաբական երկրների հարաբերություններում և ուղղված են խաղաղության հաստատմանը:
Գագաթնաժողովին մասնակցելու համար Ջիդդա է մեկնել նաև Վոլոդիմիր Զելենսկին: Նա հայտարարել է՝ իր երկիրը չի զիջի դիրքերը, քանի որ Ուկրաինան չի սկսել պատերազմը: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ ուկրաինացի ռազմագերիներին վերադարձնելու հարցում միջնորդելու համար և հույս հայտնել շարունակել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Զելենսկին նաև հայտարարել է, որ Ղրիմը «Ուկրաինայի մահմեդական մշակույթի կենտրոնն է», հավելել՝ այն պետք է ազատագրվի ռուսական օկուպացիայից:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը, իր հերթին, նշել է, որ Էր Ռիադը պատրաստ է կողմերի միջև կարգավորման հարցում հանդես գալ որպես միջնորդ:
ՊԵԿԻՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Պեկինը անհատույց շուրջ 4 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սիան քաղաքում «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցել են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։
Չինաստանը կխորացնի նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ էներգետիկ, տրանսպորտային կապը և կավելացնի միջսահմանային բեռնափոխադրումները։ Նա նաև Կենտրոնական Ասիայի երկրներին կոչ է արել միասին հանդես գալ արտաքին միջամտության դեմ։
«Չինաստանը նաև պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին բարելավելու իրենց պաշտպանական կարողությունները»,- նշել է Սին։
G7-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 21-Ը
Յոթի խմբի երկրները Հիրոսիմայում պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի ակտիվների սառեցումը, մինչև Մոսկվան չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցրած վնասը, ասված է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։ Նրանք կհետևեն նաև, որ որևէ երկիր չշրջանցի հակառուսկան պատժամիջոցները:
G7-ի երկրները կշարունակեն սահմանափակել արդյունաբերական սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան, որպեսզի վերջինս դրանք չօգտագործի Ուկրաինայի դեմ։
Երկրների ղեկավարները խոստացել են շարունակել երկարաժամկետ ռազմական, ֆինանսական, մարդասիրական և դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային: Նրանք պահանջել են ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել զենք մատակարարել Ուկրաինային նաև մարտական գործողությունների ավարտից հետո: Յոթնյակի գագաթնաժողովը կտևի մինչև մայիսի 21-ը: Քննարկումներին հեռավար կմասնակցի նաև Վոլոդիմիր Զելենսկին:
Ավելի վաղ՝ Յոթնյակի ղեկավարներն այցելել էին Հիրոսիմայի Խաղաղության այգի, հարգանքի տուրք մատուցել 1945 թվականին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։
G7-ի հանդիպումների ֆոնին Հիրոսիմայում ցույցեր են անցել: Քաղաքացիները փողոց են դուրս եկել «Ոչ միջուկային պատերազմին», «Մենք թույլ չենք տա պատերազմ Չինաստանի հետ» պաստառներով։ Նրանք նաև անընդունելի են որակել Ջո Բայդենի այցը Հիրոսիմա: