Հունաստանում ավարտվել է նախընտրական քարոզարշավը, խորհրդարանի ընտրությունում հիմնական մրցակիցներն անցկացրել են վերջին հանրահավաքները:
Գործող վարչապետ, աջ կենտրոնամետ «Նոր ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Կիրիակոս Միցոտակիսը հանրահավաք է անցկացրել Աթենքում՝ Ակրոպոլիսի ֆոնին: Նա ընտրողներից ևս չորս տարի է խնդրել, որպեսզի շարունակի «նոր և բարգավաճ Հունաստանի կառուցումը»:
«Այսօր երկիրն առավել քան երբևէ հեռանկարների կարիք ունի։ Հենց այդ պատճառով հույները պաշտպանում են այն քաղաքականությունը, որի հիմքը մենք դրել ենք դեռևս 4 տարի առաջ»,- հայտարարել է Միցոտակիսը։
Ելույթ ունենալով երկրի՝ մեծությամբ երրորդ Պատրաս քաղաքում՝ «ՍԻՐԻԶԱ» ձախ արմատական կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել աջակցել փոփոխություններին և կառավարության ղեկավարի պաշտոնում իրեն ևս մեկ հնարավորություն տալ:
Հունաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մայիսի 21-ին: