Խանջյանի գյուղամեջը դատարկվել է։ Այն պահից, երբ այգում զրուցարան տեղադրվեց, տղամարդկանց հավաքատեղին էլ փոխվեց։ Նոր հասցեում պայմանները հարմար են թե՛ սեղանի խաղերի, թե՛ օրը խոսք ու զրույցով ամփոփելու համար։
Ռոբերտ Գրիգորյան (Խանջյանի բնակիչ) - Մեկը քաղաքականությունից է խոսում, մեկը՝ իր եկամուտներից, մեկն էլ կռիվ է անում, օրն անցկացնում ենք։
Զրուցարանը, նստարանները, լուսավորությունը, սալարկվող ճեմուղիներն ու այգու հարակից տարածքի ասֆալտապատումը համաֆինասավորում են պետությունն ու համայնքը։ Նախագծային արժեքը 41 մլն դրամ է։ Ծրագրով նախատեսված է նաև ոռոգման համակարգ անցկացնել, որ ծառերը դույլով չջրեն։ Իսկ որ 3 հա այգում ջրային տարածքներ շատ լինեն, նաև շատրվան են կառուցում։
Արտակ Հովհաննիսյան - Էն տարածքը չի, որ մեծ սարքենք, չափին համապատասխան ենք արել, հազիվ տեղավորել ենք։
Գյուղացիները հաճելիորեն զարմացած են. Խանջյան համայնքում տասնյակ տարիներ նման ծրագրեր չեն իրականացվել։ Այս պահին ուշադրության կենտրոնում է նաև տարեցտարի չորացող համայնքի այգին։ Կառուցապատողների կողքից չեն հեռանում․օգնում են՝ ինչով կարողանում են։
Հրանտ Միրզախանյան (Խանջյանի բնակիչ) - Եթե մարդն իր տունը վերանորոգում է, չի՞ ուրախանում, համարենք` նույնն էլ այս այգին է, գյուղի համար է, հաշվենք՝ մեր գյուղն ենք վերանորոգում։
Դավիթ Խուդաթյան (Արմավիր համայնքի ղեկավար) - Այգիների կառուցումը կարևոր ուղղություն է հատկապես գյուղական համայնքերում, որտեղ նման միջավայրի բացակայություն է եղել վերջին տարիներին։ Պետք է լուծել այս խնդիրը, ստեղծել միջավայր, որը կծառայի մեծ ու փոքրին։
Խանջյանցիները ևս իրենց ներդրումն ունեն այգու կահավորման գործում։ «1000 դրամի ուժը» ծրագիր են ստեղծել և հանգանակած գումարով մանկական խաղագույք գնել։
Վարչական ղեկավարի խոսքով՝ երբ վճարողն իրենք են, ավելի ուշադիր են ամեն ինչին հետևում։
Սահականուշ Արոյան (Խանջյան համայնքի վարչական ղեկավար) - Մեր ցանկությունն այն է, որ իրենք էլ հասկանան՝պետք է իրենց լուման ունենան գյուղի զարգացմանը և սիրով արձագանքում են։
Համաֆինանսավորման ծրագրով վերանորոգվում ու կահավորվում են նաև Այգեվանի ու Սարդարապատի այգիները։ Իսկ Արմավիրի Գորկու փողոցում շարունակվում է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագիրը։ Այս պահին ընթանում է բարեկարգվող փողոցի վերին շերտի ասֆալտապատման գործընթացը։
Դավիթ Խուդաթյան - Աշխատանքներ են իրականացվում նաև Այգեվանում, Արմավիրի Սահմանապահների փողոցում, նաև քաղաքի այն հատվածներում, որտեղ 2023 թ․ծրագրով նախատեսված է ինչպես ջրամատակարարման ցանցի արդիականացում, այնպես էլ ասֆալտապատում։
Արմավիր համայնքը ևս շինարարական ծրագրեր է ֆինանսավորում։ Առաջիկայում 9 գյուղական բնակավայրում շահագործման կհանձնվի 10 խորքային հոր, կհարթեցվեն մի շարք դաշտամիջյան ճանապարհներ։