Թվայնացման շնորհիվ կարգավորվել է պետպատվերով բուժօգնություն ստանալու համար քաղաքացիների հերթագրման համակարգը. «Արմեդը» ավտոմատ իրականացնում է այս գործընթացը՝ նշելով բուժօգնություն ստանալու ամիսը, իսկ բուժհաստատությունը կարող է ընտրել միայն օրը: Այսպիսով, Պետական առողջապահական գործակալության նորարարության շնորհիվ բացառվում է հերթագրման սկզբունքների խախտումը:
Ահարոն Բարսեղյան (ՀՀ ԱՆ պետական առողջապահական գործակալության պետ) - Ինչպես գիտեք, մեր բուժհաստատությունները ունեն տարեկան սահմանափակված պայմանագրային գումար: Ինչ է այս մեխանիզմի էությունը: Երբ քաղաքացին հերթագրվում է, քաղաքացու բուժօգնության համար անհրաժեշտ գումարը արդեն իսկ ռեզերվացվում է տվյալ բուժհաստատության պայմանագրային գումարից, այսինքն՝ մենք նշված մեխանիզմի ներդրման արդյունքում այլևս չենք ունենալու մի իրավիճակ, որ պացիենտը հերթագրված է, փաստացի հասել է հերթագրման օրը բուժօգնություն ստանալու, սակայն բուժհաստատությունն այլևս չունի պայմանագրային գումարի մնացորդ, որպեսզի տվյալ քաղաքացու բուժօգնությունն ապահովվի: Այս երևույթը մենք ուղղակիորեն բացառում ենք, ինչը նախորդող ժամանակահատվածներում ինչ-որ չափով արձանագրվել է:
Մայիսի 11-ին բուժհաստատություններն արդեն տեղեկացվել են, որ հերթագրման ցուցակներն ամբողջությամբ անցկացվեն Արմեդ էլեկտրոնային առողջապահական համակարգ:
Ահարոն Բարսեղյան - Եթե պացիենտը հերթագրված է հուլիս ամսին, սակայն առանց հանձնաժողովի որոշման նրան բուժօգնությունը մատուցվի հունիս ամսին, դիցուք՝ եթե արձանագրվեն նման դեպքեր, ապա դա ևս ծրագրի կողմից ավտոմատ կմերժվի է, այսինքն՝ այդպիսի դեպքերը չեն կարողանա ներկայացվել համապատասխան փոխհատուցում ստանալու համար:
Եթե բուժհաստատության հանձնաժողովը գնահատի, որ պացիենտի վիճակը անհետաձգելի բուժօգնություն է ենթադրում, նրանք իրավասություն կունենան բուժումը արտահերթ կազմակերպել:
Ահարոն Բարսեղյան - Գումարը այս դեպքում ԱՆ-ից էլի գնում է, ռեզերվացումը իր մնացորդային գումարից կա: Եթե այդիպսին չկա, ապա տվյալ գումարը ԱՆ կողմից հաշվառվում է որպես կասեցում կարգավիճակով, և հետագա պայմանագրային գումարի վերաբաշխումներն իրականացվում են հենց էդ կասեցված գումարի համամասնությամբ:
Առանց հերթագրման բժշկական օգնություն և սպասարկում է իրականացվում, օրինակ, անհետաձգելի բժշկական օգնության, շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, չարորակ հիվանդությունների դեպքերում: Առանց հերթագրման բուժօգնությունից կարող են օգտվել նաև Հայաստանի պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան