Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ջիդայում Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովից հետո մեկնել է Ճապոնիա՝ մասնակցելու Յոթի խմբի գագաթնաժողովին: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա Հիրոշիմա է ուղևորվել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով։
Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է կարևոր քննարկումներ անցկացնել գործընկերների հետ՝ անվտանգային մի շարք հարցերի և Յոթնյակի երկրների հետ գործակցության ամրապնդման շուրջ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը տեղեկացրել էր, որ Զելենսկին մտադիր է Հիրոշիմայում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրա խոսքով՝ ղեկավարները կանդրադառնան Միացյալ Նահանգներում ուկրաինացի օդաչուների ուսուցմանը, որ վերջիններս կարողանան ղեկավարել ամերիկյան F-16 կործանիչները։