Եվս վեց ամսով Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի: Ժամանակահատվածը պայմանավորված է ԵԱՏՄ կարգավորումներով, համաձայն որի՝ յուրաքանչյուր երկրի արտահանման արգելքի առավելագույն ժամկետը 6 ամիս է: Շրջակա միջավայրի նախարարության պատասխանատուների խոսքով՝ որոշումն ընդունվելու է այնքան ժամանակ, քանի դեռ հարցի կարգավորման վերջնական լուծման չեն հանգել:
Ոսկեհատ Գրիգորյան (ՀՀ ՇՄՆ բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ) - Որոշման նպատակը հենց ձվադրման շրջանում գերորսի կանխումն է, քանի որ վերջին տարիներին ցույց էին տալիս վերլուծությունները, որ հիմնականում ձվադրման շրջանում, երբ որ ձուկը շատ ավելի խոցելի և հասանելի է, իրականացվում է ապօրինի որս, և մեծ քանակությամբ մայրական կազմ է դուրս բերվում լճից՝ ձկնկիթ արդյունահանելու նպատակով, և դա բավականին լուրջ և մեծ վտանգ է ներկայացնում կենսապաշարի հետագա քանակի ավելացման տեսանկյունից:
2020 թ.-ին լճում սիգի կենսազանգվածը 2345 տոննա էր, 2021-ին՝ 5348, իսկ 2022-ին՝ 4700 տոննա:Վերջին տարիներին սիգի առկա կենսազանգվածը դեռ չի ապահովում Սևանա լճում ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը: Ըստ ուսումնասիրության՝ ընդհանուր պաշարի ցանկալի արդյունքը մինչև 10 հազար տոննան պետք է լինի, որից մոտ 2000-ը կթույլատրվի արդյունագործական որսի համար: Ձկան արդյունագործական որսը 2020-ին և 2021-ին եղել է 300 տոննա, 2022-ին՝ երկու անգամ ավելի: Նախորդ տարվա պաշարի հաշվառման հիման վրա՝ այս տարվա համար՝ մինչև սեպտեմբերի 1-ը նախատեսվել է 300 տոննա:
Ոսկեհատ Գրիգորյան - Դա նշանակում է, որ դեռևս աշնանային փուլի չափաքանակ սահմանված չէ, և գարնանային և ամառային ուսումնասիրությունների արդյունքում, կենսապաշարի զանգվածի հաշվարկման արդյունքում նոր հնարավոր կլինի որոշել՝ աշնանային փուլի համար ինչքան չափաքանակ է սահմանված լինելու:
Սիգի որսը թույլատրելի է միայն արդյունագործական որսի պայմանագրերով սահմանված ժամանակահատվածում: Իսկ ձվադրման ժամանակ կենսապաշարի պահպանության նպատակով պատկան մարմինները խստացված միջոցառումներ են իրականացնում: Ըստ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տվյալի՝ այս տարի ձվադրման ժամանակահատվածում առգրավվել է 1 տոննայից ավելի ձուկ՝ 3877 հատ սիգ, 10 կգ ձկնկիթ, լճից դուրս են բերվել նաև ապօրինի գործիքներ՝ 174 ձկնորսական ցանց, ռետինե նավակներ, առափնյա հատվածից էլ ապամոնտաժվել են ժամանակավոր կացարաններ։
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ) - Պարզ է, որ բոլորին չեն կարող բռնագրավել կամ այդպիսի միջոցառումների արդյունքում գրանցել այդ գողացված ձկնկիթը կամ ձուկը, պարզ է՝ այդ քանակները գերազանցում են մի քանի անգամ, եթե ոչ` տասնապատիկ անգամներ:
Արձանագրված մի շարք դեպքերով նախապատրաստված նյութերը փոխանցվել են իրավապահներին։
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան