Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենք է գնում, ինչը նոր սպառնալիքներ է ստեղծում տարածաշրջանի համար՝ հայտարարել է Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպանի հավատարմագրերն ընդունելիս:
Ալիևը դժգոհել է՝ «Ինչո՞ւ է Հայաստանը զինվում, եթե իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ»: Նրա խոսքով՝ «նման քաղաքականությունը կհանգեցնի տարածաշրջանում նոր սպառնալիքների»։
Ադրբեջանական կողմը, այդ թվում՝ ԱԳՆ մակարդակով, նախկինում ևս դժգոհություն էր հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև զարգացող ռազմական համագործակցության կապակցությամբ։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ԱՄՆ նախագահը շնորհավորական նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առթիվ։ Ջո Բայդենը նշել է՝ Ադրբեջանի և ԱՄՆ-ի գործընկերությունը նպաստել է տարածաշրջանի զարգացմանը։
«Միասին մենք պայքարում ենք ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ և կանխում զանգվածային ոչնչացման զենքի տարածումը։ Ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի դաժան պատերազմի ընթացքում մենք միասին ենք Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցում։ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հարավային Կովկասի անվտանգությանը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և արդար խաղաղությանը»,- ասված է Սպիտակ տան ղեկավարի ուղերձում:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բայդենը հույս է հայտնել, որ Բաքուն և Վաշինգտոնը այսուհետ ևս կամրապնդեն երկկողմ գործակցությունը, այդ թվում՝ անվտանգության և տնտեսության ոլորտներում:
ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնելու Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև:
Փաշազադեն երախտագիտություն է հայտնել պատրիարքին՝ վերջինիս գործունեության համար, որը, նրա խոսքով, ուղղված է Հարավային Կովկասում փոխվստահության վերականգնմանը:
ԾԵԾԿՌՏՈՒՔ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Վրաստանի խորհրդարանում լիագումար նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել` երեկ Թբիլիսիում 2019 թվականից ի վեր ռուսական առաջին ինքնաթիռի վայրէջքի պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի ՆԳ նախարարի ելույթից հետո: Ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Վաշաձեն քննադատել է ՌԴ հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը: Ինչից հետո իշխանական մեծամասնությունից նրա գործընկեր Դաչի Բերայան վիրավորել է Վաշաձեին, և սկսվել է ծեծկռտուքը:
Երեկվանից չեն դադարում նաև Թբիլիսիում բողոքի ցույցերը: Քաղաքացիները մինչև ուշ գիշեր հավաքվել են խորհրդարանի շենքի առջև, պահանջել չեղարկել Վրաստանի ու Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնումը:
Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways-ը ևս այսօր սկսում է Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չվերթները, դրանք կիրականացվեն շաբաթական 7 անգամ:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱ
Վոլոդիմիր Զելենսկին Ջիդայում Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովից հետո մեկնել է Ճապոնիա՝ մասնակցելու Յոթի խմբի գագաթնաժողովին: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա Հիրոսիմա է ուղևորվել Ֆրանսիայի կառավարական ինքնաթիռով։
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ նախատեսում է «կարևոր քննարկումներ» անցկացնել գործընկերների հետ՝ անվտանգային մի շարք հարցերի և Յոթնյակի երկրների հետ գործակցության ամրապնդման շուրջ։
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիյ Երմակը տեղեկացրել էր, որ Զելենսկին մտադիր է Հիրոսիմայում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նրա խոսքով՝ առաջնորդները կանդրադառնան Միացյալ Նահանգներում ուկրաինացի օդաչուների ուսուցմանը, որ վերջիններս կարողանան օգտվել ամերիկյան F-16 կործանիչներից։