ԱՄՆ բյուջեն հունիսի 1-ից հնարավոր է դատարկվի: Երկրի ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ միջոցներ չեն լինի սոցիալական նպաստների կուտակման, բժշկական ապահովագրության ծրագրերի ֆինանսավորման համար։ Գանձապետարանը չի կարողանա սպասարկել նաև ԱՄՆ պետական պարտքը՝ վճարելով պարտատոմսերի սեփականատերերին, ինչը կհանգեցնի դեֆոլտի: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ում պետական պարտքի առավելագույն շեմը 31.4 տրլն դոլարն է, և այս տարվա հունվարին արդեն հասել են այդ սահմանագծին: Սովորաբար նման դեպքերում Կոնգրեսը պարզապես հաստատում է սահմանաչափի բարձրացումը, սակայն այս անգամ Հանրապետականները դեմ են: Կարծում են, որ սահմանաչափի ավելացումը պետք է ուղեկցվի բյուջեի ծախսերի կրճատմամբ, ինչին դեմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Նարեկ Կարապետյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Էստեղ արդեն կոշտ որոշումներ պետք է կայացնի, եթե պարտքի շեմը չբարձրացվի: Էդ կոշտ որոշումը կա՛մ պետք է նշանակի չվճարել պարտքի դիմաց, թողարկված պարտատոմսերի դիմաց, կա՛մ կրճատել ծախսեր, օրինակ՝ նորից գնալ կառավարության փակման, երբ որ օրեր կամ շաբաթներ շարունակ չեն վճարվում պետական աշխատողները, պետական հիմնարկները փակվում են, ու դա հատուկ միջոց է, որը գործադրվում է, երբ կառավարությունը հատում է իր պարտքի էս նշաձողը:
Մասնագետների խոսքով՝ աշխարհի առաջին տնտեսությամբ երկրի դեֆոլտի սցենարը կարող է վտանգել համաշխարհային ֆինանսական շուկան:
Սոս Խաչիկյան (ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ) - Բոլոր դեպքերում դոլարացման մակարդակը աշխարհի բավականին շատ երկրներում այնքան բարձր է, որ ԱՄՆ-ում անվճարունակության հետ կապված խնդիրները շատ-շատ երկրների հետ բավականին լուրջ խնդիրներ կառաջացնեն: Ինձ թվում է, որ դրան չի հասնի հարցը:
ԱՄՆ-ը, ինչպես աշխարհի շատ երկրներ, բյուջեի պակասուրդով երկիր է, և դեֆիցիտը պարտքով է լրացնում: Սակայն, ի տարբերություն մնացած երկրների, այստեղ պարտքի շեմ է սահմանված ոչ թե, օրինակ, Հայաստանի նման՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցություն՝ նշում է Նարեկ Կարապետյանը: Ըստ փորձագետի՝ այս պահին ներդրողները ԱՄՆ պարտատոմսերի տոկոսադրույքի փոփոփոխություն չեն կատարել, ինչը նշանակում է, որ նրանք ռիսկ չեն տեսնում:
Նարեկ Կարապետյան - Պատմության մեջ ամեն անգամ հասել է էս կետին, բանակցել են, ինչ-որ բաներ զիջել են, կոնսենսուսի են եկել, բարձրացրել են: Այսինքն՝ շուկան ևս կարծում է, որ էդ սցենարը տեղի կունենա, ու դեֆոլտ չի լինի, որովհետև հիմա ԱՄՆ-ի ոչ ռեյտինգները փոխված չեն:
Մասնագետների կարծիքով՝ ԱՄՆ դեֆոլտի դեպքում աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող են բացասական ազդեցություններ զգալ, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում են, դա՝ կարող է նաև ԱՄՆ-ում սահմանադրական ճգնաժամի հանգեցնել, քանի որ ըստ մայր օրենքի՝ պարտքի մարումը չպետք է կասկածի տակ դրվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան