25 գիտական կազմակերպություն ու բուհ պետական դրամաշնորհով առաջիկայում ձեռք կբերեն 54 սարք: Գիտության կոմիտեն ամփոփել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու մրցույթը:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Գումարը, որ պատրաստում ենք ծախսել սարքեր, սարքավորումներ ձեռք բերելու համար 4.2 միլիարդ դրամ է
Առաջին անգամ է սարքերի ձեռքբերման համար պետությունն այս ծավալի գումար հատկացնում: Մրցույթի անցած տարվա բյուջեն մոտ 3 միլիարդի էր հասնում:
Արթուր Մովսիսյան (ՀՀ գիտության կոմիտեի նախագահի տեղակալ) - Որպեսզի պատկերացնենք, վերջին 10 տարիներին մենք գումարային 3 միլիարդի սարք չէինք գնել դրանց նախորդող 10 տարիների ընթացքում:
Գիտության կոմիտեն այս մրցույթին 114 հայտ էր ստացել, 54-ն է միայն հաղթողների ցանկում ներառվել: Հայտերի քննարկման համար հանձնաժողովից 2,5 ամիս է պահանջվել:
Ոչ միայն հաշվի են առել՝ սարքը լավ թե վատ սարք է, այլ նաև՝ թե ինչ հեռանկար ունի, անհրաժեշտությունն այս պահին, արդյոք ունե՞նք մասնագետներ, որ այդ սարքավորումներով կարողանան մրցունակ գիտություն անել...
Շուտով կենտրոնը կհամալրվի ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետրով:
54 սարքից 10-ը Երևանի պետական համալսարանին է բաժին հասել: Ռենտգենյան ֆոտոէլեկտրոնային սպեկտրոմետրով գիտաշխատողները հնարավորություն կունենան նյութի բարակ թաղանթների գրեթե բոլոր հատկություններն ու ատոմական կապերն ուսումնասիրել: էլիպսոմետրն էլ նյութերի օպտիկական հատկությունների գերճշգրիտ հետազոտությունների համար է:
Միքայել Ալեքսանյան (ԵՊՀ կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար) - Սարքը արժե մոտ 450 000 ամերիկյան դոլար, ընդհանուր առմամբ, մյուս սարքն էլ, միասին 1 միլիոն դոլարի սարքավորում է ձեռք բերվելու միայն մեր կենտրոնի համար:
Գիտական արդյունքը միջազգային ասպարեզ դուրս բերելու համար պետական այս աջակցությունը գիտաշխատողները կարևոր քայլ են համարում: Ասում են՝ ժամանակակից սարքավորումներն աշխուժություն կմտցնեն գիտական կյանքում, միջազգային նոր գործակցության հնարավորություն կտան:
Միքայել Ալեքսանյան - Եթե փորձում ենք տպագրություն անել բարձր վարկանիշ ունեցեղ ամսագրերում, չլինեն նմանատիպ սարքերի միջոցով հետազոտություններ՝ ոչ մեկը լուրջ չի ընդունի:
Սարքերից օգտվելու հնարավորություն կունենան նաև այլ գիտական կազմակերպություններ: Շահառուները պետք է համատեղ օգտագործելու ընթացակարգ մշակեն ու պաշտոնական կայքում հրապարակեն: Սարքերից 15-ը ավելի քան 100 միլիոն դրամ արժե: Դրանք եզակի են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար:
Սարքավորումներ ունենք, որ արդեն իսկ մահացած ուղղություններ կարող են վերակենդանացնել, ուղղություններ, որոնք ունեցել ենք խորհրդային տարիներին, սարքերի բացակայության պատճառով կորցրել ենք:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ սարքերի գնման գործընթացը կազմակերպելու է Գիտության կոմիտեն: Այստեղ շտապում են տեղեկացնել՝ մի քանի շաբաթից կհայտարարվի սարքերի գնման հաջորդ տարվա մրցույթը, որի բյուջեն 6 միլիարդ 700 միլիոն դրամ կլինի: