4 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԿԱՅԱՑԵԼ Է ՄՈՍԿՎԱ-ԹԲԻԼԻՍԻ 1-ԻՆ ՉՎԵՐԹԸ
Չորս տարվա ընդմիջումից հետո այսօր կայացել է Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը: Այն իրականացրել է ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը։ Ռուսաստանից դեպի Վրաստան թռիչքները դադարեցվել էին 2019 թվականի հունիսից։ Այս տարվա մայիսի 10-ին Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հանրապետության տարածք թռիչքների արգելքի և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու մասին։ Վրաստանի իշխանություններն ընդգծել են, որ կգործակցեն միայն այն ավիաընկերությունների հետ, որոնց վրա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները չեն տարածվում։ Այնուհանդերձ, Արևմուտքը, մասնավորապես ԵՄ-ն, որին ցանկանում է անդամակցել Թբիլիսին, մտահոգություն են հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների վերսկսման հետ կապված և կոչ արել Թբիլիսիին միանալ հակառուսական պատժամիջոցներին:
Այսօր Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթի ֆոնին հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է. «Եվրամիության քաղաքականությանը հետևելու համար մենք պետք է այդ կառույցի անդամ լինենք, իսկ մենք դեռ անդամ չենք»: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն էլ շեշտել է՝ այնպիսի որոշում չեն կայացնի, որը կարող են վնասել Վրաստանի բնակչությանը։
Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, անցանկալի է անվանել Թբիլիսիում ռուսական ինքնաթիռի վայրէջքը: Մայրաքաղաքի օդանավակայանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Ցուցարարները փորձել են կաթվածահար անել օդանավակայանի աշխատանքը, նրանք ռուսական ինքնաթիռով ժամանածներին ուղղված պաստառներ են կրել՝ «Ձեզ այստեղ ուրախ չեն տեսնել» գրությամբ: Ոստիկանությունը տեղում մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել: Ցույցեր են տեղի ունեցել նաև Թբիլիսիի կենտրոնում:
ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՆԵՐԸ ԿՉԵՂԱՐԿՎԵՆ
Ռուս զբոսաշրջիկների համար Իրան մուտքի վիզաները կչեղարկվեն մինչև սեպտեմբեր՝ հայտարարել է Իրանի զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների փոխնախարար Ալի Ասղար Շալբաֆիանը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» միջոցառման ժամանակ։
«Բոլոր պայմանավորվածություններն արդեն ձեռք են բերվել: Իրանը ռուս զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է: Նրանց թիվը երկու տարում կրկնապատկվել է»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում զբոսաշրջիկների նկատմամբ լավ վերաբերմունքը:
ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԶԱՊՈՐՈԺԻԵ
ՌԴ պաշտպանության նախարարը մեկնել է Զապորոժիե՝ ստուգելու այդ ուղղությամբ «Վոստոկ» խմբավորման կազմավորումներից մեկի հրամանատարական կետի աշխատանքները։
Գերատեսչության տվյալով՝ Շոյգուին ներկայացրել են ռազմական գործողությունների գոտում ստեղծված իրավիճակը, մարտավարական հիմնական հատվածներում Ռուսաստանի զորքերի առջև դրված մարտական առաջադրանքների կատարման ընթացքը։ Շոյգուն ընդգծել է, որ ռուսական կողմը արդյունավետորեն բացահայտում և խոցում է ուկրաինական կողմի զինտեխնիկան: Նշվում է, որ պաշտոնյան ընդգծել է զորքերին անհրաժեշտ ռազմական աջակցություն տրամադրելու կարևորությունը:
Մինչ այդ, թեժ մարտերը շարունակվում են մասնավորապես Բախմուտում: Երկու կողմն էլ հայտարարում է քաղաքում իր առաջխաղացման մասին: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, սակայն, հայտարարել է՝ Բախմուտի ամբողջական գրավման մասին դեռ վաղ է խոսել, այնտեղ իրավիճակը շատ ծանր է։
ԱՆԿԱՐԱՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայում մայիսի 28-ին նախատեսված՝ նախագահի ընտրության երկրորդ փուլին ընդառաջ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա հակադարձել է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններին այն մասին, թե Անկարան պետք է կենտրոնանա Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու վրա և առաջնահերթությունը չտա Մոսկվայի հետ գործակցությանը:
Նա ընդգծել է՝ հացահատիկի գործարքի երկամսյա երկարաձգումը հնարավոր է դարձել հենց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայի «առանձնահատուկ հարաբերությունների» շնորհիվ։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանի նման երկրների հետ հարաբերություններում հարկավոր է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ինչը, օրինակ՝ Արևմուտքը չի անում։ Նա նաև կրկնել է՝ Անկարան չի միանա Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին:
Ռեջեփ Էրդողանը միաժամանակ ընդգծել է, որ մայիսի 28-ի ընտրություններում հաղթելուց հետո անկասկած շարունակելու է աշխատել Ջո Բայդենի հետ:
G7-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՌԴ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՍԱՌԵՑՈՒՄԸ
Յոթի խմբի երկրները պայմանավորվել են շարունակել Ռուսաստանի ակտիվների սառեցումը, մինչև Մոսկվան չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցրած վնասը՝ ասված է G7-ի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։ Յոթնյակը միջոցներ կձեռնարկի ռուսական ֆինանսական հատվածի դեմ, սակայն չի փակի ֆինանսական բոլոր ուղիները՝ անհրաժեշտ գործարքների իրականացման նպատակով։ Նրանք կհետևեն նաև, որ որևէ երկիր չշրջանցի հակառուսական պատժամիջոցները:
G7-ի երկրները կշարունակեն սահմանափակել արդյունաբերական սարքավորումների և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան, որպեսզի վերջինս դրանք չօգտագործի Ուկրաինայի դեմ։ Կսահմանափակվի նաև Դաշնության տարածքում արդյունահանվող, վերամշակվող կամ արտադրվող ադամանդի առևտուրն ու օգտագործումը:
Երկրների ղեկավարները խոստացել են շարունակել երկարաժամկետ ռազմական, ֆինանսական, մարդասիրական և դիվանագիտական աջակցությունն Ուկրաինային՝ պատերազմում Ռուսաստանին հաղթելու համար: Ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել զենք մատակարարել Ուկրաինային նաև մարտական գործողությունների ավարտից հետո:
Յոթի խումբը նաև աջակցություն է հայտնել հացահատիկի գործարքի ընդլայնմանը և երկարաձգմանը:
Յոթնյակի գագաթնաժողովին հեռավար կմասնակցի նաև Վոլոդիմիր Զելենսկին: Այժմ Ուկրաինայի նախագահը մեկնել է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Արաբական լիգայի գագաթնաժողովին: