Հիրոշիմայում մեկնարկել է Մեծ Յոթնյակի խմբի գագաթնաժողովը: Հանդիպման մասնակիցները նախ այցելել են Հիրոշիմայի Խաղաղության այգի, հարգանքի տուրք մատուցել 1945 թվականին ատոմային ռմբակոծության հարյուր հազարավոր զոհերի հիշատակին։
«Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներն արդեն ընդունել են համատեղ հայտարարություն՝ խոստանալով Ուկրաինային ռազմական, ֆինանսական, հումանիտար և դիվանագիտական աջակցություն: Նրանք մտադիր են կրճատել Ռուսաստանի եկամուտները էներգակիրների արտահանումից, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում և սահմանափակել արդյունաբերական սարքավորումների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան:
ԵՄ-ն «կսահմանափակի» նաև ռուսական ադամանդի առևտուրը։
Բացի ուկրաինական թեմայից, «Մեծ յոթնյակի» ղեկավարները քննարկել են Չինաստանի հետ լարվածությունը և միջուկային սպառնալիքը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են կլիմայական ճգնաժամը և արհեստական բանականությունը։
G7-ի հանդիպումների ֆոնին Հիրոշիմայում ցույցեր են տեղի ունեցել: Քաղաքացիները փողոց են դուրս եկել «Ո՛չ միջուկային պատերազմին», «Մենք թույլ չենք տա պատերազմ Չինաստանի հետ» պաստառներով։ Նրանք նաև անընդունելի են որակել Ջո Բայդենի այցը Հիրոշիմա:
Ուկրաինայից տեղեկացրել են, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կմասնակցի G-7-ի գագաթնաժողովին, որտեղ նա ծրագրել է ելույթ ունենալ, որպեսզի մեկ անգամ ևս ստանա Արևմուտքի աջակցությունը Ռուսաստանի դեմ պայքարում:
Իսկ մինչ այդ, Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ելույթ ունենալու Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովում: Նա նախատեսել է քննարկել հաջորդ ձմռանն Ուկրաինայի էներգետիկ անվտանգության ապահովման հարցը, վերլուծել Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևը», որը ներառում է ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքների վերադարձը, Ղրիմի բոլոր «քաղբանտարկյալների, բոլոր գերիների և ապօրինի արտաքսվածների ազատ արձակումը»։
Ուկրաինայի նախագահը մտադիր է անդրադառնալ նաև Ղրիմում Ուկրաինայի մահմեդական համայնքի պաշտպանության խնդրին։