«Մեծ յոթնյակի» երկրները նշել են, որ ափսոսում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրին իր մասնակցությունը սառեցնելու՝ Ռուսաստանի որոշման համար և կոչ են անում վերադառնալ դրա ամբողջական իրականացմանը: G7-ը կարծում է, որ միջուկային զինանոցի ընդհանուր կրճատումը պետք է շարունակվի և չվերադարձվի, ասվում է միջուկային զինաթափման մասին հայտարարության մեջ։
«Սառը պատերազմի ավարտից հետո ձեռք բերված գլոբալ միջուկային զինանոցների ընդհանուր կրճատումը պետք է շարունակվի և երբեք չչեղարկվի: Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը պետք է պահպանվի որպես միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի հիմնաքար և միջուկային զինաթափման նպատակն առաջ մղելու հիմք: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ հասնելու առանց միջուկային զենքի աշխարհի՝ բոլորի համար շարունակական անվտանգությամբ, որին կարելի է հասնել իրատեսական, պրագմատիկ և պատասխանատու մոտեցման միջոցով: Հաշվի առնելով այս՝ մենք ողջունում ենք Ճապոնիայի՝ «Հիրոշիմայի պլանը»:
«Մենք խորապես ափսոսում ենք Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը կասեցնելու՝ Ռուսաստանի որոշման համար և կոչ ենք անում վերադառնալ դրա լիարժեք իրականացմանը»,- նշված է Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքում G7-ի գագաթնաժողովի ժամանակ ընդունված հայտարարության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում ասել է, որ Ռուսաստանը կասեցնում է մասնակցությունը ռուս-ամերիկյան ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին (START-3, СНВ-III)՝ ընդգծելով, որ երկիրը դուրս չի գալիս պայմանագրից։ Նա նշել է, որ նախքան քննարկմանը վերադառնալը, պետք է հասկանալ, թե ինչ հավակնություն ունեն այնպիսի երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, և ինչ կերպով հաշվի առնել նրանց ռազմավարական զինանոցները, այսինքն՝ ՆԱՏՕ-ի համակցված հարվածային ներուժը։
«Պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին պաշտոնական նոտան ամերիկյան կողմին է փոխանցվել փետրվարի 28-ին»,- «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան