Մեր հաղորդումներում հաճախ ենք անդրադառնում համացանցային խարդախությունների։ Նպատակը քաղաքացիներին իրազեկելն է։ Այս անգամ անդրադառնալու ենք կիբերհանցագործության ֆիշինգ կոչվող տեսակին, որը համացանցի հետ մտավ կենցաղ, համացանցի հետ կատարելագործվեց և պարբերաբար ձեռք է բերում նոր ձևեր։ Վերջին շրջանում տարածում է ստացել ֆիշինգի նոր տեսակ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Խարդախության այս նոր ձևի մեխանիզմը հետևյալն է. հանցագործները բջջային հեռախոսահամարին, իբր «Հայփոստ» ընկերության անունից, ուղարկում են հաղորդագրություն՝ ծանրոցի առաքման վերաբերյալ և, որպես առաքման վճար, նշում չնչին, խորհրդանշական գումար: Գումարը վճարելու համար հաղորդագրության մեջ նշվում է ֆիշինգային (կեղծ) հղում։ Մուտք գործելով՝ քաղաքացին տեղափոխվում է ոչ թե «Հայփոստ» ընկերության, այլ նմանեցված, կեղծ կայք, որտեղ իբր անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալներ՝ բանկային քարտի 16-նիշանոց թիվը, վավերականության ժամկետը, քարտապանի անուն-ազգանունը, հետնամասի գաղտնի կոդը և բանկային քարտին կից բջջային հեռախոսահամարին ստացված կոդը:
Քաղաքացին անգամ չիմանալով, թե ինչ կարող է թաքնված լինել այդ ամենի հետևում և լրացնելով պահանջվող տեղեկատվությունը, կամքից անկախ, իր բանկային քարտի տվյալները տրամադրում է հանցագործին, որն էլ դրանց միջոցով հափշտակում է քարտում առկա նրա ֆինանսական միջոցները:
Հորդորում ենք՝ եթե արդեն դարձել եք խարդախության զոհ և կրել ֆինանսական կորուստներ, անհրաժեշտ է անհապաղ դիմել ոստիկանության մասնագիտացած ստորաբաժանում՝ զանգել 1-02 կամ 011-56-27-18 հեռախոսահամարներով։ Հանցագործության բացահայտման պարագայում ոչ միայն հնարավոր է կորստի վերականգնում, այլև կկանխվեն ֆիշինգ կոչվող խարդախության նոր դեպքեր։