Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ ԶՖԳ քաղաքաշինության գծով աշխատանքային խմբի ղեկավար Կարին Ֆրուինի գլխավորությամբ:
Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը ներկայացրել է կառույցի հիմնական լիազորությունները, ռազմավարությունը, համակարգվող ոլորտները, ինչպես նաև քաղաքաշինական մի շարք խնդիրներ: Դիտարկվել են կոմիտեի համակարգմամբ իրականացվող քաղաքաշինական ծրագրերը և քննարկվել հնարավոր համագործակցության եզրերը։
Հանդիպմանը կարևորվել է երկրի տարածական պլանավորման կանոնակարգմանը, տարածքների համաչափ կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի, պատմամշակութային ժառանգությանը և մարդու համար հարմարավետ, անվտանգ ու ապահով կենսամիջավայրի ձևավորմանն ուղղված ռազմավարական գլխավոր փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել տարաբնակեցման նախագծի մշակման նախապատրաստական աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով համատեղ աշխատանքի իրականացմանը։
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու ծրագրերի իրականացմանը։
Կողմերը պայմանավորվել են լրացուցիչ քննարկման ընթացքում առավել մանրամասն ծանոթանալ իրականացվող հետագա քայլերին՝ առավել հստակեցնելու համագործակցության շրջանակները։