Այսօր առավոտյան ժամը 9։20-ի սահմաններում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 166 և 168 տների մոտակայքում կրակոցներ են հնչել: Ոստիկանները դեպքի վայրում հայտաբերել են ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ։ Նրանք սահմանազատել են տարածքը։ Հարևանությամբ ապրող բնակիչները պատմեցին, որ միայն կրակոցի ձայներ են լսել, մեքենան, մարդկանց չեն տեսել, վիճաբանության ձայներ չեն լսել:
Քաղաքացի - Մենակ կրակոցի ձայն, ուրիշ ոչ մի ձայն, մի 5 հատ, 6 հատ:
Լրագրող - Պատուհանից նայել եք, ոչինչ չե՞ք տեսել:
Քաղաքացի - Չէ, չեմ տեսել, որովհետև իմ կողմից ոչինչ չի երևում:
Լրագրող - Իսկ որ դուք դուրս եկաք՝ տեսա՞ք վիրավորին:
Քաղաքացի - Չէ, ոչինչ չեմ տեսել:
Լրագրող - Կրակոցի ձայնը լսվե՞լ ա:
Քաղաքացի - Հա:
Լրագրող - Քանի հատ ա եղել:
Քաղաքացի - 4-5:
Լրագրող - Դուրս եք եկել, մարդկանց տեսե՞լ եք:
Քաղաքացի - Ո՛չ, պատուհանից, արդեն ավարտված ա եղել:
81 081 պետհամարանիշներով «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի մեքենայում Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի աշխատակազմի աշխատակիցն է եղել՝ Կորյուն Մխիթարյանը, որը վիրավորվել ու հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցից հայտնեցին, որ շտապօգնության մեքենայով տեղափոխվածը 1982 թ. ծնված տղամարդ է։ Վնասված մեքենան մեր տեսախցիկը ֆիքսեց դեպքի վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա՝ Պարսեղովի փողոցում, որտեղ օպերատիվ-քննչական խմբերն իրականացնում էին անհետաձգելի քննչական և այլ գործողություններ ու նկարահանումն արգելեցին: Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով:
Գոռ Աբրահամյան (ՀՀ ՔԿ նախագահի մամուլի քարտուղար) - Կրակոցներից հրազենային վնասվածքով բուժհաստատություն է տեղափոխվել մեկ անձ: Այո՛, ինչպես նշեցիք՝ Կորյուն Մխիթարյանը: Էս պահի դրությամբ հանցագործությունը կատարող անձանց ինքնությունը դեռևս պարզված չէ, բայց այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկված, դեպքի վայրի զննություն, առգրավվել են տարածքի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ, նաև հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկելու հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով:
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարը նշեց՝ նկատի ունենալով դեպքի հանրային հետաքրքրությունը՝ այս պահին քննության հիմնական խնդիրներից մեկն է պարզել, թե որքանով տեղի ունեցածը կապ ունի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի աշխատակցի ծառայողական գործունեության հետ: Գոռ Աբրահամյանի խոսքով՝ այս պահին դեռևս դրա վերաբերյալ տվյալներ չկան:
«Արմենիա» բժշկական կենտրոնից «Լուրերին» փոխանցեցին, որ հրազենային վնասվածքով քաղաքացուն վիրահատել են, վիճակը բավարար է: