Բացահայտվել է Հայաստանից այլ երկրներ դոլարային փոխանցումներ իրականացնելու նոր հանցավոր սխեմա: Քննչական կոմիտեն պարզել է, որ որոշ երկների դեմ կիրառվող պատժամիջոցների պատճառով Հայաստանում գտնվող որոշ երկրների քաղաքացիներ համացանցով տեղեկանում են, որ Երևանում գործում է, այսպես կոչված, «սարաֆիի» գործունեությամբ զբաղվող կազմակերպություն, այսինքն` պատժամիջոցների տակ գտնվող երկիր գումարների փոխանցումով զբաղվող գրասենյակ։ Սխեման գործում է հետևյալ կերպ. գրասենյակի տնօրեն ներկայացող անձը գումարն առաջին անգամ փոխանցում է նշված հաշվեհամարին: Ձեռք բերելով անձի վստահությունը` երկրորդ անգամ փոխանցում չեն անում, խաբեությամբ տիրանում են տուժողների գումարին:
Տարոն Սարգսյան (ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ավագ քննիչ) - Կատարվում էր հետևյալ կերպ. քաղաքացիները դիմում էին տվյալ կազմակերպություն, որը հայտնում էր սակագները, և դոլարով գումարը վերցնելուց հետո տվյալ երկրում այն անձին, ով պետք է ստանար այդ գումարը, ասում էին մեկ այլ անձի տվյալ, ումից գնում ու առձեռն վերցնում էր գումարը: Այդ եղանակով բացահայտվել է 2 հանցագործության դեպք:
Մի դեպքով Արմավիր քաղաքի բնակիչը, 20.000 դոլար է փոխանցում տվյալ երկրում գտնվող իր հարազատին, որը հաջողությամբ տեղ է հասնում, օրեր անց ևս 50.000 դոլար է տվել գրասենյակի աշխատակցին՝ նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Որոշ ժամանակ անց անձը գրասենյակի «ՎոթսԱփ» համարից ստացել է բանկային փոխանցման 2 կտրոնի նկար, ըստ որոնց, իբր, 28.000 դոլարն արդեն փոխանցվել է: Սակայն քաղաքացուն հայտնի է դարձել, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի եղել: Պարզաբանում ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրենին, որը տեղեկացրել է, թե իբր աշխատողը փողը վերցրել, փախել է:
Տարոն Սարգսյան - 2-րդ դեպքը 2022թ. մայիսին էր, օտարերկրացին, ճշտելով ընկերության տնօրենի տվյալները մոտեցել էր վերջինիս, նախ` 3000 դոլար էր տվել, հետո արդեն 42.600 դոլար գումար է փոխանցում կատարել։
Քննիչ Սարգսյանը ներկայացնում է, որ կազմակերպությունը, խարդախություններ կատարելուց զատ, եղել է օրինական գրանցված անշարժ գույքի գործակալություն: Վարույթն իրականացնող մարմինը կարծում է, որ գործով այլ տուժողներ էլ կլինեն, և հորդորում է դիմել ոստիկանություն: Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման գրասենյակի աշխատակիցը կալանավորվել է: Տնօրենը, հետախուզման մեջ է: