Արցախում ներքաղաքական խմորումները շարունակվում են: Խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը, որն օրեր առաջ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքին ստացավ նրան պետնախարար նշանակելու մասին ցուցարարների հանրագիրը, այսօր կոչ է արել Արայիկ Հարությունյանին ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ու անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին:
Արթուր Թովմասյան (Արցախի ԱԺ նախագահ) - Ոչ թե ամորֆ մարմին եմ ներկայացրել, այլ մարմին եմ ներկայացրել, որը մեզ փրկել է 90-ական թվականներին՝ դա պետական պաշտպանության կոմիտեն է: Երկրի նախագահին առաջարկել եմ այդ կազմում երկու մարդու, և ես չգիտեմ այդ մարդկանց կարծիքը. շատ հնարավոր է, որ հրաժարվեն` Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Ինչո՞ւ, հարցեր մի տվեք:
Առաջարկվող մոդելի` արդյունք չտալու դեպքում Արթուր Թովմասյանն առաջարկում է Արցախի նախագահին հրաժարականի դիմում ներկայացնել կամ նախաձեռնել նախագահի վստահության հանրաքվե:
Արթուր Թովմասյան - Եթե ժողովուրդը Ձեզ չի վստահում, որ ընտրվել եք, ապա կհեռանաք: Դա չի նշանակում, որ դուք հրաժարական տաք, Արթուր Թովմասյանը լինելու է երկրի նախագահի պաշտոնակատար: Եթե ժողովուրդը Ձեզ չվստահեց, ես էլ եմ հեռանում:
Թովմասյանի հայտարարությունը տեղավորվում է Արցախում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ նշել է Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Լուսինե Ավանեսյան (Արցախի նախագահի խոսնակ) - Մայիսի 15-ից նախագահը հանդիպում-քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Նախագահը պատրաստ է լսել Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և, հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում գործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի ժողովրդի շահերին:
Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում նախագահը կկայացնի որոշումներ, որոնց վերաբերյալ առաջիկայում կհայտնի: