Զբոսաշրջիկ - 1,5 ամիս է՝ այստեղ եմ, դեռ միայն Երևանում եմ եղել, և ինձ շատ է դուր եկել ճարտարապետությունը: Գիտեմ, որ Հայաստանում լեռները շատ են, մտադիր եմ արշավներ գնալ:
Նինան Ռուսաստանից այս տարվա մարտին Հայաստան ժամանած 160.000 զբոսաշրջիկներից մեկն է: Ընդհանուր առմամբ՝ հունվար-ապրիլին մեր երկիր է այցելել շուրջ 630 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 80 տոկոսով ավելի: Այս ցուցանիշը 33 տոկոսով գերազանցել է նաև ամենաակտիվ զբոսաշրջային տարվա՝ 2019-ի արդյունքը:
Զբոսաշրջիկների կեսից ավելին՝ 52 տոկոսը, Ռուսաստանից է եղել, 11.7 տոկոսը՝ Վրաստանից, 5.7-ը՝ Իրանից: Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչը վստահեցնում է, որ այս ցուցանիշների վրա մեծ ազդեցություն են ունեցել իրենց մարքեթինգային արշավները:
Աննա Մարգարյան (ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու) - Օրինակ, եթե նայենք թվերով՝ Վրաստանից նաև ունենք զբոսաշրջիկներ, մենք այս երկրի հետ շատ աշխատանք ենք կատարել, այդ թվում՝ ճանաչողական այցեր ենք կազմակերպել Վրաստանից մեդիա ներկայացուցիչների և բլոգերների համար, նրանց հրավիրել ենք Հայաստան, որպեսզի նրանք տեսնեն, բացահայտեն Հայաստանը և կիսվեն իրենց տպավորություններով ներքին լսարանի հետ:
Զբոսաշրջային ընկերության տնօրենի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ արդեն 30 տոկոս աճ են գրանցել: Միքայել Կարապետյանի խոսքով՝ հիմնականում մեր երկիր այցելում են 3-6 օրով, իսկ օրական միջին ծախսը կազմում է 80-150 դոլար:
Միքայել Կարապետյան (տուրիստական ընկերության տնօրեն) - Վերջին տարիներին ակտիվ զբոսաշրջությունն ա հետաքրքիր դարձել, էքստրեմալ տուրիզմը, մարզերում բավականին շատ հետաքրքիր տուրիստական օբյեկտներ են բացվում, վերաձևավորվում: Եթե տոկոսային հարաբերությամբ ասենք, կարծում եմ՝ 70 տոկոսը ընկնում ա Երևանին, մնացածը՝ մարզերին: Եթե կարճ ժամանակով են գալիս, մոտիկ վայրերն են գնում՝ Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, Սևան: Եթե ավելի երկար, բնականաբար, ավելի հեռու ենք առաջարկում, ընդհուպ մինչև՝ Սյունիք, Լոռի:
Ակտիվ ամրագրումների քանակը հաշվի առնելով՝ Կարապետյանն ակնկալում է, որ 2023-ը կավարտեն մինչև 50 տոկոս աճով: Զբոսաշրջության կոմիտեն, գործակցելով բիզնեսի հետ, փորձում է ավելի գրավիչ դարձնել մեր երկիրը:
Աննա Մարգարյան - Մենք փորձում ենք համատեղել ավանդական զբոսաշրջային վայրերը նոր ուղղությունների հետ, թաքնված վայրերի հետ, մենք փորձում ենք նաև մեր ճանաչողական այցերի շրջանակներում ցույց տալ, որ Հայաստանն ունի գողտրիկ հետաքրքիր վայրեր, որոնք բացահայտված չեն:
Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ ֆորսմաժորներ չլինելու դեպքում այս տարի ամենաակտիվ՝ 2019 թվականի 1.9 մլն զբոսաշրջիկների ցուցանիշը կգերազանցվի:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան