Անցյալ շաբաթ Արաբական պետությունների լիգան վերականգնեց Դամասկոսի անդամակցությունը կազմակերպությունում՝ չնայած Սիրիայում չլուծված հակամարտությանը, գրում է Euronews-ը։
Մայիսի 19-ին Բաշար ալ Ասադը Սաուդյան Արաբիայում կմասնակցի Արաբական երկրների լիգայի գագաթնաժողովին՝ առաջին անգամ 2010 թվականից ի վեր: Այս ընթացքում նա եղել է միայն Ռուսաստանում և Իրանում: Սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ Ասադը, ամենայն հավանականությամբ, մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ջիդայում։
Մայիսի 7-ին Արաբական լիգայի անդամ երկրների արտգործնախարարները որոշել են Սիրիան վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Ենթադրվում է, որ հարաբերությունների կարգավորմանը նպաստել է փետրվարյան երկրաշարժը, որը տարածաշրջանում համերաշխության ալիք է առաջացրել։
Վաշինգտոնը կտրականապես դեմ է սիրիական վարչակարգի հետ ցանկացած մերձեցմանը և պնդում է երկրում հակամարտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա կարգավորելու անհրաժեշտությունը։