Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բացասաբար է արձագանքել 2019 թվականից ի վեր Մոսկվայից Թբիլիսի առաջին չվերթին, որն ուրբաթ իրականացրել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը։
«Չնայած վրաց ժողովրդի դիմադրությանը, Ռուսաստանը կատարեց իր անցանկալի թռիչքը Թբիլիսի»,- գրել է Զուրաբիշվիլին Թվիթերում և հավելել է. «Ո՛չ Ռուսաստան թռիչքներին»։
Ոստիկանությունն էլ Թբիլիսիի օդանավակայանի շենքից հետ է մղել ընդդիմության կողմնակիցներին, որոնք բողոքում են Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման դեմ և պատրաստվում էին վիրավորական բացականչություններով ու պաստառներով դիմավորել առաջին չվերթի ուղևորներին։ Վեց ակտիվիստ ձերբակալվել է ոստիկաններին վիրավորելու և նրանց ուղղությամբ ձվեր նետելու համար:
Ընդդիմության առաջնորդներից Գեորգի Վաշաձեն էլ ասել է, որ ընդդիմադիր ուժերը ուրբաթ երեկոյան ծրագրում են բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։