Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1310 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 7 օրվա ընթացքում աճելով շուրջ 70 դեպքով։
«Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 394 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար, իսկ վերջին օրերին ԿԽՄԿ գործունեության հանդեպ հարուցված ադրբեջանական խոչընդոտների պատճառով ռուս խաղաղապահների միջոցով տեղափոխվել է ևս 20՝ ծանր վիճակում գտնվող հիվանդ, ևս ավելի քան 25 հիվանդ առաջնահերթ անհրաժեշտություն ունի տեղափոխման։ Ընդ որում՝ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել պառկած վիճակում, քանի որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում։
Շրջափակման հետևանքով իրենց տներ չեն կարողացել վերադառնալ ընդհանուր առմամբ շուրջ 3900 անձինք, ներառյալ՝ 550 երեխա, որոնց մի մասն արդեն վերադարձել է տուն՝ Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ:
Ստեփանակերտ-Գորիս մայրուղով (Լաչինի միջանցքով) ոչ մի քաղաքացի ազատորեն չի երթևեկել, և մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 209 անգամով, եղածն էլ միայն Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահների աջակցությամբ (159 օրվա ընթացքում մարդկանց 389.550-ի փոխարեն՝ 1864 մուտք և ելք։ Ընդ որում՝ վերջին 7 օրում գրանցվել է քաղաքացիների՝ 16 ելքի և մուտքի դեպք՝ չհաշված ՌԴ խաղաղապահների բեռնատարների վարորդներին):
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ մեքենաների ընդհանուր շարժը գրեթե 56 անգամ ավելի քիչ է եղել, քան պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում 146.280-ի փոխարեն՝ 2638 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և ՌԴ խաղաղապահների կողմից): Դա նշանակում է, որ վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է մեքենաների միայն 63 մուտք և ելք:
Շուրջ 13 անգամ ավելի քիչ կենսական նշանակության ապրանք է ներկրվել միայն Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների կողմից, քան իրականում պետք է լիներ առանց շրջափակման (159 օրվա ընթացքում մոտ 63.600 տոննայի փոխարեն՝ 4840 տոննա, որից վերջին 7 օրվա ընթացքում՝ միայն 183 տոննա):
Շրջափակման ընթացքում Ադրբեջանը հանրագումարային 93 օր շարունակ լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 130 օր շարունակ: Դա հանգեցրել է ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման:
860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
Շրջափակման և կենսական ենթակառուցվածքների խափանման պատճառով շրջափակման մեկնարկից առ այսօր փաստացի աշխատանքը և եկամտի աղբյուրը կորցրել է նախնական հաշվարկներով շուրջ 10.900 մարդ (ներառյալ՝ պետական աջակցությամբ աշխատատեղի ժամանակավոր պահպանման դեպքերը), որը մասնավոր հատվածում աշխատողների 50 տոկոսից ավելին է։
Դադարել են 32,6 կիլոմետր ճանապարհի, տասնյակ կիլոմետր ջրագծի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանների, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։
Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 302 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 33 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը»: