«Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները: Բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է»,- այս մասին նշել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: ԱՀԿ պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նաև նշել է, որ պատրաստ է օգտագործելու դիվանագիտական բոլոր լծակները՝ նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:
Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:
Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: