ՊԵԿԻՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Պեկինը անհատույց շուրջ 4 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի Կենտրոնական Ասիայի երկրներին՝ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Սիան քաղաքում «Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի ընթացքում, որին մասնակցում են նաև Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Այդպիսով՝ Պեկինը մտադիր է խորացնել հարաբերությունները գործընկերների հետ, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգնելու նրանց նվազեցնել աղքատության մակարդակը:
Չինաստանը կխորացնի նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ էներգետիկ, տրանսպորտային կապը և կավելացնի միջսահմանային բեռնափոխադրումները։ Սի Ծինփինը հավելել է՝ Պեկինը կաջակցի Չինաստանից Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը։ Նա նաև Կենտրոնական Ասիայի երկրներին կոչ է արել միասին հանդես գալ արտաքին միջամտության և «գունավոր հեղափոխություններ» հրահրելու փորձերի դեմ։
«Հարկավոր է համատեղ ջանքեր գործադրել և կառուցել մի համայնք, որը հեռու կլինի հակամարտություններից: Չինաստանը նաև պատրաստ է օգնելու Կենտրոնական Ասիայի երկրներին բարելավելու իրենց պաշտպանական կարողությունները»,- նշել է Սին։
Նա հայտնել է, որ նախագահները ստորագրել են «Սիանի հռչակագիրը», որն ուրվագծում է Չինաստանի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունների զարգացման ծրագիրը: Հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ղազախստանում 2025 թվականին:
ՀԻՐՈՍԻՄԱՅՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է G7-Ի ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Հիրոսիմայում մեկնարկել է Յոթի խմբի գագաթնաժողովը: G7-ի ղեկավարների առաջին նիստին ընդառաջ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ G7-ը պետք է առաջատար դեր ստանձնի աշխարհում և արձագանքի միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներին, այն է՝ ռուս-ուկրաինական հակամարտությանը, կլիմայի փոփոխությանը և կորոնավիրուսի հետևանքներին: Այսօր օրակարգում են համաշխարհային տնտեսության խնդիրները և Ուկրաինայում պատերազմը։ Գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև հնդ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, Թայվանը, միջուկային զինաթափումը, տնտեսական և պարենային անվտանգության ոլորտում առկա խնդիրները։
Յոթնյակի հանդիպումների պաշտոնական ծրագրի շրջանակում գագաթնաժողովի մասնակիցներն այցելել են նաև Հիրոսիմայի Խաղաղության այգի, հարգանքի տուրք մատուցել 1945 թվականին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ գագաթնաժողովին կարող է մասնակցել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ձևաչափի մասին հստակ տեղեկություններ դեռ չկան:
G7-ի հանդիպումների ֆոնին Հիրոսիմայում ցույցեր են տեղի ունեցել: Քաղաքացիները փողոց են դուրս եկել «Ո՛չ միջուկային պատերազմին», «Մենք թույլ չենք տա պատերազմ Չինաստանի հետ» պաստառներով։ Նրանք նաև անընդունելի են որակել Ջո Բայդենի այցը Հիրոսիմա:
Բայդենը ԱՄՆ երկրորդ գործող նախագահն է, որն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմա: 2016 թվականին ճապոնական այս քաղաք էր այցելել նաև Բարաք Օբաման։
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԱՊԼ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովը: Այս տարվա գագաթնաժողովը պատմական է, քանի որ դրան վերջին 12 տարվա ընթացքում առաջին անգամ մասնակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը։ Դամասկոսին արաբական երկրների համայնք վերադարձնելու մասին որոշումը կայացվել է մայիսի 7-ին Կահիրեում՝ Արաբական պետությունների լիգայի խորհրդի կողմից:
Գագաթնաժողովի օրակարգի հիմնական թեմաներն են Եմենում, Լիբիայում, Սիրիայում, Սուդանում ճգնաժամերի կարգավորումը, ինչպես նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Արաբական երկրների ղեկավարները կքննարկեն նաև տնտեսական կապերի ամրապնդումը և ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի համակարգումը։
Արաբական լիգայի 2023 թվականի գագաթնաժողովը առանձնահատուկ նշանակություն ունի նաև այն պատճառով, որ ակտիվացել է հարաբերությունների կարգավորման գործընթացը Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև, ինչը մեծապես ազդում է Մերձավոր Արևելքի անվտանգության ճարտարապետության վրա:
Դամասկոսի անդամակցությունը Արաբական լիգային կասեցվել էր 2011 թվականին՝ Սիրիական ճգնաժամի ֆոնին: Փետրվարի 6-ի երկրաշարժից հետո արաբական պետությունների մեծ մասը վերանայեց Սիրիայի հետ հարաբերությունները և անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց այդ երկիր։
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՆՇԵԼ ԵՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՕՐԸ
Երուսաղեմում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են իսրայելական դրոշներով երթին: Այն կազմակերպվել է Երուսաղեմի օրվա կապակցությամբ, որը նվիրված է 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո քաղաքի նկատմամբ Իսրայելի վերահսկողության հաստատմանը։
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաքաղաքացիներին ուղղված ելույթում նշել է, որ Երուսաղեմի և Իսրայելի միավորումը նոր հորիզոններ է բացել քաղաքի համար՝ այն վերածելով մեգապոլիսի։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ հրեա և արաբ ակտիվիստների միջև բախումներ են եղել, իրավապահներին հաջողվել է կասեցնել լայնածավալ անկարգությունները։
ԶԼՄ-ները գրում են՝ վերջին տարիներին Երուսաղեմի օրը նշվում է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ռիսկերի ֆոնին։ Իսկ Երուսաղեմի կարգավիճակն այդ հակամարտության առանցքային խնդիրներից է։ Իսրայելցիները պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միասնական» մայրաքաղաքն է։ Մինչդեռ պաղեստինյան կողմը ցանկանում է քաղաքի արևելյան հատվածը ճանաչել իր մայրաքաղաք։