Հայաստանի քաղաքացիների շրջանում 2023 թվականի առաջին եռամսյակում ախտորոշվել է ՄԻԱՎ-ի 131 դեպք: Մարտի դրությամբ՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրում է 4119 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում գրանցվել է ՁԻԱՀ-ի 28 դեպք: 3 ամսում արձանագրվել է մահվան 19 դեպք:
Վարդան Արզաքանյան (ՀՀ ԱՆ ԻՀԱԿ համաճարակաբանական հսկողության և խորհրդատվության բաժնի վարիչ) - Եթե վերլուծենք ընդհանուր ստատիստիկայի մեջ ըստ տարիքասեռային խմբի բաշխումը՝ ասեմ, որ մոտավորապես 70 տոկոսը մեր պացիենտների արական սեռի ներկայացուցիչներ են, 30 տոկոսը կանայք են, իսկ եթե տարիքայինը նայենք, ապա մեր պացիենտների մոտավորապես կեսը 25-39 տարիքային խմբի ներկայացուցիչներ են:
1988 թ.-ից մինչև 2022-ի դեկտեմբերի 31-ը Հայաստանի քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5114 դեպք: Դեպքերի կեսը բացահայտվել է վերջին 5 տարում: Աճին նպաստել են նաև անհրաժեշտ խմբերի շրջանում իրականացված նպատակային հետազոտությունները:
Վարդան Արզաքանյան - Իրականացվում են հանրային միջոցառումներ և՛ Երևանում, և՛ մարզերում, հանրային միջոցառումը ուղեկցվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության տրամադրման և հետազոտության, դրանք շարժական մոբիլ կլինիկաների միջոցով են իրականացվում, դրանց նպատակը ոչ միայն ինչ-որ քանակի մարդկանց հետազոտելն է, այլև ընդհանրապես հանրության ուշադրությունը հրավիրելը:
Կենտրոնն ունի 4 շարժական կլինիկա, որոնք կախված հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունից՝ լինում են Հայաստանի տարբեր շրջաններում: Մայիսի 21-ին՝ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրը, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Երևանի Ազատության հրապարակում ժամը 12-ից մինչև 20.00-ը ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի, հեպատիտ Բ-ի և Ց-ի անվճար և անանուն հետազոտություններ կանցկացնի։
Վարակը կանխարգելելու համար տարբեր կենտրոններում, օրինակ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, գեղեցկության սրահներում, ստոմատոլոգիական կլինիկաներում իրականացվում են անհրաժեշտ ստուգումներ:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ԻՀԱԿ համաճարակաբանական գծով փոխտնօրեն) - Ընդհանուր առմամբ, պարէնտերալ կամ արյունային ուղիով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման համար մշակված և գործադրված են մի շարք իրավական փաստաթղթեր, որոնց կատարումը պարտադիր է բժշկական կազմակերպությունների, կոսմետոլոգիական կենտրոնների և վարսավիրանոցների համար, և դրանցից ամենաառավել կարևոր փաստաթուղթը, որը որ երևի թե ՀՀ-ում է միայն կիրառվում, և միայն ՀՀ-ն է նման պահանջ սահմանել կոսմետոլոգիական կենտրոնների համար, ստանդարտացված մանրէազերծման գործընթացը նկարագրող փաստաթուղթն է:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2023 թ. առաջին եռամսյակում 32 դիմում-բողոք է ստացել հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վերաբերյալ։ Առաջին եռամսյակում հարուցվել է 92 վարչական վարույթ՝ տեսչական մարմնի նախաձեռնությամբ՝ 73, դիմումի հիման վրա՝ 19:
Լիլիթ Հունանյան (ՀՀ ԱԱՏՄ հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության գլխավոր տեսուչ) - Խնդիր է նաև՝ որոշ ԲԿ-ներ, հատկապես մարզային ԲԿ-ներ, պայմանագիր չեն ունենում մասնագիտացված կազմակերպությունների հետ՝ ախտահանման, մանրէազերծման, նախամանրէազերծման որակի հսկողության համար, դա էլ է որպես խախտում արձանագրվել: Եվ, բնականաբար, տեսչական մարմնի կողմից արձանագրված բոլոր խախտումների կատարման համար տրվում է կարգադրագիր տեսչական մարմնի ղեկավարի կողմից, սահմանվում են ժամկետներ, և իրականացվում է դրանից հետո վերստուգում: Առաջին եռամսյակում իրականացվել է 25 վերստուգում:
2023 թ. նախատեսված է իրականացնել 171 թեմատիկ ստուգում, առաջին եռամսյակում 41-ն արդեն արվել են:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան