Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին մայիսի 18-ին ընդունել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Վրացական կողմից հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Սամխարաձեն:
Ջերմորեն ողջունելով հյուրերին` Շալվա Պապուաշվիլին իր գոհունակությունն է հայտնել երկու հանձնաժողովների միջև ձևավորված համագործակցության, համատեղ նիստի կապակցությամբ և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: Նա կարևորել է նաև բարեկամական խմբերի միջև համագործակցությունը:
Սարգիս Խանդանյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահի ջերմ ողջույններն է փոխանցել Շալվա Պապուաշվիլիին, մանրամասներ ներկայացրել մայիսի 17-ին կայացած համատեղ նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ: Վրաստանի խորհրդարանի նախագահի խնդրանքով մանրամասներ են ներկայացվել մայիսին կայացած վաշինգտոնյան և բրուսելյան հանդիպումներից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայ-վրացական բազմոլորտ համագործակցության օրակարգային այլ հարցեր եւս` քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն: