ՀԱՊԿ-ում այդպես էլ ընդհանուր գնահատական չկա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայության, Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ. այս փաստը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում արձանագրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է՝ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ-ի իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի ապակառուցողական քայլերը՝ Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում: Խորհրդարանի խոսնակն ընդգծել է՝ կարևոր են դաշնակիցների և գործընկերների իրական, հասցեական հայտարարություններն ու քայլերըը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքը կարգավորելու նպատակով:
Ալեն Սիմոնյան - Մենք հետևում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու և հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաև հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում: Բաքուն մինչև օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով:
Չնայած Հայաստանը բազմիցս հայտարարել է՝ խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու իր պատրաստակամության մասին, Ադրբեջանը, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում ունենալ՝ նշել է խորհրդարանի խոսնակը:
Ալեն Սիմոնյան - Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի և հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաև երեկ:
Սիմոնյանը դահլիճում ներկա, տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, կոչ է արել գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ:
Ալեն Սիմոնյան - Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար: Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի:
Մինչև խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Խորհրդարանների ղեկավարները նաև Հաղթանակի հրապարակում ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակոթողին:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան