Սևանից 70 մլն խորանարդ մետր հավելյալ ջրառ կլինի: Պատճառը սակավաջուր տարին է: Ազգային ժողովի Ֆինանսավարկային, տարածքային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Ջրային կոմիտեի նախագահը: Վահագն Գևորգյանը նշեց՝ լճի մակարդակն այժմ ցածր է, բայց դա միայն ջրառով պայմանավորված չէ:
Վահագն Գևորգյան (Ջրային կոմիտեի նախագահ) - Անցած տարի մենք վերցրել ենք 165 մլն, մատակարարել ենք 170 մլն, իսկ այս պահի դրությամբ՝ Սևանի բացասական սալդոն 15 սանտիմետր է:
Ջուրը նախատեսվածից քիչ է նաև ջրամբարներում: Կոմիտեի տվյալով՝ այս տարին ավելի սակավաջուր է, քան անգամ 2014-ը, երբ ջրային ռեսուրսների վերջին տասը տարվա ամենացածր ցուցանիշն էր արձանագրվել:
Վահագն Գևորգյան - Ջրամբարներում կանխատեսվել է 520-560 մլն խորանարդ ծավալով ջրի կուտակում, սակայն սույն թվականի մայիսի 17-ի դրությամբ այդ ջրամբարներում կուտակված ջրի ծավալը կազմում է շուրջ 363 մլն:
Վահագն Գևորգյանն ընդգծեց՝ խնդիր կա նաև Արաքս գետից վերցվող ջրի հետ:
Վահագն Գևորգյան - Մենք կարծում ենք, որ Կարսի ջրամբարից այն դոտացիան, որը պետք է, չի լինի:
ՔԵՐՈԲՅԱՆԸ՝ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ անդրադարձավ կաթնամթերքի շուկայում առաջացած խնդիրներին, նշեց՝ կաթի գնի նվազումը պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքով, Ռուսաստանում և Բելառուսում կաթի ավելցուկով և այլ խնդիրներիով, որոնք ուսումնասիրվում են: Անդրադառնալով գյուղացիների բողոքներին, թե կաթի մթերման համար 150 դրամ նվազագույն արժեքը ցածր է, Քերոբյանը հակադարձեց.
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Հիմա այս թիվն ավելի քիչ է, քան կես տարի առաջ եղած 200 դրամը, բայց, այնուամենայնիվ, դա վատ գին չէ:
ԽՆԴԻՐՆԵՐ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ. ՔԵՐՈԲՅԱՆԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ
Խաղողի մթերման հարցում ևս նախարարությունը բարդություններ է արձանագրել: Վահան Քերոբյանի խոսքով՝ դրանք կապված են դրամի արժևորման և տարբեր շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով:
Վահան Քերոբյան - Ես, իհարկե, պաշտոնական տեղեկատվությունը չեմ ստացել, բայց ոնց որ թե պաշտոնական է, որ Երևանի կոնյակի գործարանը դեպի Ռուսաստան դադարեցնելու է իր արտահանումները: Այս բոլորը խնդիրներ են, որոնք ազդելու են մթերման վրա:
Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Վահան Քերոբյանն անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարարությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ուսումնասիրությանը: Ըստ դրա՝ 2022 թ. պետական բյուջեի կատարողականում բացահայտվել է տարբեր հաշվետվությունների և ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրման 12 դեպք՝ 601 մլն դրամի չափով: Նախարարը նշեց՝ Հաշվեքննիչ պալատի որոշ եզրակացությունների համաձայն են, դրանք քննում են իրավապահները: Վահան Քերոբյանը հույս հայտնեց, որ բոլոր մեղավորները կպատժվեն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան