Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են՝ Արցախի Հանրապետության՝ 158 օր շարունակվող շրջափակման պայմաններում հունվարի 9-ից ի վեր՝ արդեն 129 օր է՝ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաև հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի:
«Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:
Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը և դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետևանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:
Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաև ստորերկրյա ջրերի սնուցումը և դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը և գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:
Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաև ջրային ֆաունայի և ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաև ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի և կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:
Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի և համեմունքային (մոտ 125 տեսակ), դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:
Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը և, որպես հետևանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:
Այստեղ է գտնվում նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմի ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը և մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների ի սպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, և ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաև այդ թռչնատեսակների որոշակի կորստի և միգրացիոն ուղիների փոփոխության»,- ասված է հաղորդագրության մեջ: