ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանում պետական այցի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։ «Մեզ միավորում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու ցանկությունը։ Ղազախստանի համար շատ կարևոր է Չինաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը»,- հայտարարել է Տոկաևը: Ծինփինն էլ հույս է հայտնել, որ Պեկինը և Աստանան այսուհետ էլ կշարունակեն խորացնել փոխշահավետ շփումները։
Նախագահները քննարկել են առևտրատնտեսական, նավթագազային, նավթաքիմիական, էներգետիկ, ֆինանսական, հաղորդակցությունների, կրթության և գիտության ոլորտներում գործակցության զարգացման հետ կապված հարցեր։
Բանակցությունների արդյունքներով Տոկաևը և Սի Ծինփինը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Կնքվել է նաև ավելի քան 20 փաստաթուղթ, պայմանավորվածություն է ձեռք բերվել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ:
«Չինաստան-Կենտրոնական Ասիա» գագաթնաժողովի շրջանակում Սի Ծինփինն ընդունել է նաև Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներին:
ՉԺՀ-Ն ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ՈՐՊԵՍ ՄԻՋՆՈՐԴ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
Եվրասիայի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Ուկրաինայում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Չինաստանի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ կողմերը տեսակետներ են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի քաղաքական կարգավորման և Չինաստան-Ուկրաինա հարաբերությունների շուրջ: Պաշտոնյան նաև վերահաստատել է, որ Պեկինը ցանկանում է հանդես գալ որպես միջնորդ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների կարգավորման համատեքստում: Նա կոչ է արել վերսկսել խաղաղ բանակցությունները:
Լի Հուեյին ընդունել է նաև Ուկրաինայի արտգործնախարարը: Դմիտրո Կուլեբան ընդգծել է՝ Կիևը չի ընդունի կարգավորման որևէ առաջարկ, որը կենթադրի Ուկրաինայի տարածքների կորուստ կամ հակամարտության սառեցում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ չինացի պաշտոնյան Ուկրաինայից հետո կայցելի նաև Լեհաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Ռուսաստան:
ԲԱՅԴԵՆԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԿԱՆԽԵԼ ԱՄՆ-ՈՒՄ ԴԵՖՈԼՏԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողների հետ ճեպազրույցում վստահություն է հայտնել, որ իրեն կհաջողվի պայմանավորվել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ պետական պարտքի շեմի բարձրացման շուրջ և կանխել երկրում դեֆոլտը:
Նա տեղեկացրել է, որ Կոնգրեսի ղեկավարության հետ արդյունավետ բանակցություններ է վարել: Նախագահի խոսքով՝ երբ երկիրը չի կարողանում վճարել իր պարտքերը, դա աղետալի է ինչպես տնտեսության, այնպես էլ ժողովրդի համար:
Բայդենը նաև հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն հնարավոր բանակցությունների ժամկետներ չի նշել:
Սպիտակ տան ղեկավարը Չինաստանի նախագահի հետ բանակցելու մտադրության մասին հայտնել էր դեռ փետրվարին:
ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՏԱՐԱԾՔԸ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերը զանգվածային հրթիռակոծության են ենթարկել Ուկրաինայի տարածքը: Հրթիռներ են արձակվել Բախմուտի, Խերսոնի, Օդեսայի և այլ բնակավայրերի ուղղությամբ: Նշվում է, որ բացի ռազմական օբյեկտներից, թիրախում են հայտնվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում:
Մայիսի 18-ի առավոտյան Ուկրաինայում լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են որոտացել Կիևի, Խմելնիցկու, Ժիտոմիրի շրջաններում։
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԴԵՄ
Թուրքիան մի քանի ամիս առաջ տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո դեռ պայքարում է բնական աղետների դեմ: Անկարայում փոթորիկը քանդել է շենքերի տանիքներ, վնասել մի շարք մզկիթներ, տապալել ծառեր, անձրևները հեղեղել են մայրաքաղաքի փողոցները՝ հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Քաղաքում երթևեկությունը կաթվածահար է։
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ
Արգենտինայում հազարավոր քաղաքացիներ ցույցեր են անցկացրել, նրանք բողոքում են երկրում գնաճի և գործազրկության դեմ, պահանջում իշխանություններից պարենային սուբսիդիաներ տրամադրել:
Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Արգենտինայում տնտեսական ճգնաժամը խորացել է կորոնավիրուսի պատճառով. երկրի բնակչության շուրջ 42%-ի եկամուտը աղքատության շեմից ցածր է:
Ապրիլին երկրում գնաճը հասել է 109 տոկոսի: Մտավախություն կա, որ Արգենտինան 30 տարի անց կրկին կբախվի հիպերինֆլյացիայի: