ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում մտահոգություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա են բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային խնդիրները։
Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով խաղաղության համձայնագիր կստորագրեն: Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Նա նաև հույս է հայտնել, որ երկրները կսկսեն սահմանազատման գործընթացը:
Տասմագամբետովը հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՊԿ-ՈՒՄ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում կարևորել է ՀԱՊԿ-ում միասնությունը՝ հանուն կազմակերպության անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման։
«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը, այն է՝ «Համերաշխության և գործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։ Մենք ջանքեր կգործադրենք՝ բարձրացնելու ՀԱՊԿ-ի պետությունների համախմբվածության մակարդակը», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Մոսկվայում մայիսի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Նա տեղեկացրել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի նաև Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:
ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԶՐՈՒՑԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Ղարիբաշվիլին շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում ընտրությունների հաջող անցկացման, առաջին փուլում գրանցած հաջողության և խորհրդարանի ընտրությունում իշխող կուսակցության ստացած ձայների մեծամասնության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետն ընդգծել է Էրդողանի անձնական դերը Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում:
Ղարիբաշվիլին հաջողություն է մաղթել Էրդողանին ընտրության երկրորդ փուլում, որը նախատեսված է մայիսի 28-ին։
ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Ճապոնիա՝ մասնակցելու մայիսի 19-ից 21-ը նախատեսված G7-ի գագաթնաժողովին: Հիրոսիմայում Սպիտակ տան ղեկավարին ընդունել է Ճապոնիայի վարչապետը:
Բայդենը շնորհակալություն է հայտնել Ֆումիո Կիսիդային, նշելով՝ Ճապոնիայի ղեկավարությամբ Յոթի խումբն առաջընթաց է գրանցել իր նպատակները կյանքի կոչելու հարցում: Նա նաև ընդգծել է Վաշինգտոնի և Տոկիոյի միջև գործակցության զարգացման դինամիկան։ Ֆումիո Կիսիդան էլ հայտարարել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ը մտադիր են պահպանել ազատ աշխարհակարգը, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակել Կիևին աջակցությունը և օգնել Ուկրաինային՝ պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին: Ակնկալվում է, որ G7-ի երկրները առաջիկա գագաթնաժողովին կքննարկեն նաև հակառուսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը:
Բայդենը ԱՄՆ երկրորդ գործող նախագահն է, որն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոսիմա: 2016 թվականին Ճապոնական քաղաք էր այցելել Բարաք Օբաման։