Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ: Ըստ հիմնավորման՝ վերջին տասնամյակում Հայաստանում հավի մսի առաջարկը շարունակաբար աճել է, վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակում, որից, սակայն, միայն 20-28 տոկոսն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 տոկոսի միջակայքում։
Կատարվող փոփոխությունների նպատակն է ընդլայնել շահառուների շրջանակը և նպաստել ծրագրի շրջանակում նախատեսվող ներդրումային ծրագրերի ամբողջ ծավալով իրականացմանը, ինչպես նաև անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավմանը և անասնաբուծական հիմնական արտադրատեսակների գծով ինքնաբավության մակարդակի բարձրացմանը։ Ըստ այդմ, առաջարկվում է ծրագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ իջեցնել ներդրումների թույլատրելի նվազագույն շեմը՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1,0 մլրդ դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ առնվազն 500,0 մլն դրամ (2,5 մլրդ դրամի փոխարեն)՝ պետական օժանդակությամբ նպաստելու տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ապահովմանը։