Հողը, որի վրա հիմա դեռ կարելի է քայլել, շուտով ջրի տակ կանցնի։ Ախուրյան գետն այս ձորակն է լցնելու, հենց այստեղ է լինելու Կապսի ջրամբարը՝ ցույց է տալիս նախագծի ճարտարապետը։
Եղիազար Վարդանյան (ՃՇՀԱՀ ռեկտոր) - Գետը գալիս ա էս կողմից, մենք հիմա գտնվում ենք պատվարի թասի մեջ։ Այստեղ ամբողջությամբ կառուցվելու ժամանակ ջուրը լցվելու ա էս վերևի հորիզոնը:
Կիրճը երբ լցվի ջրով, կունենա՝ առաջին փուլում 25 մլն, երկրորդում՝ 60 մլն խմ ծավալ։ Կապսի ջրամբարը սկզբում Շիրակի 17 հազար հա գյուղատնտեսական հողերի ջրապահովվածությունը կբարձրացնի, հետո արդեն կոռոգի նաև Արագածոտնի՝ Թալինի տարածաշրջանի դաշտերը։ Պոմպերից ինքնահոս եղանակի անցնելու շնորհիվ համակարգի էներգետիկ ծախսը կկրճատվի 1,3 մլն ԿՎտ/ժամով։ Տարիներով քննարկված և անընդհատ հետաձգված ծրագրի մեկնարկը փոխվարչապետի գլխավորությամբ հյուրերի է մարզ բերել, ոգևորել բոլորին։
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Կապսի մասին կարծես երկար տարիներ լսել ենք, լսել ենք, բայց խնդիրներ կային, և վերջապես հասանք մեկնարկին:
Վահագն Գևորգյան (ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ) - Հետխորհրդային Հայաստանում սա ամենալայնածավալ պրոյեկտներից մեկն է, որ կյանքի է կոչվում:
Կապսի ջրամբարի կառուցումը Հայաստանը սկսում է գերմանական KFW բանկի հատկացրած 68,5 մլն եվրո վարկով ու բյուջեի համաֆինանսավորմամբ։ Շինարարությունն իրականացնելու են միջազգային մրցույթը հաղթած չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ» և «Շանսի Հայդրոլիք էնջինիրինգ» ընկերությունների կոնսորցիումը։ Դեսպանները Ախուրյանի ափին հայտարարեցին՝ ուրախ են աջակցելու այս կարևոր նախագծին։
Ֆան Յոնգ (ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան) - Շատ ու շատ չինական ընկերություններ են միանում այստեղ՝ Հայաստանում, ենթակառուցվածքային ծրագրերի՝ ջրամբարների ու ճանապարհների կառուցմանը:
Վիկտոր Ռիխտեր (ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Սա ռազմավարական ծրագիր է Հայաստանի համար, ինչի համար էլ Գերմանիան որոշեց օժանդակել ու նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը:
Ջրամբարն ունենալու է 420 մետրից բարձր պատվար, գետը՝ փոքրիկ ելքով իր ճամփով կգնա։ Ճանապարհին անհրաժեշտ տեղերում սալաքարեր կլինեն, մյուս հատվածներում բետոն կսրսկեն-կուժեղացնեն։ Ոռոգումը Կապսից իրականացվելու է 88-ի երկրաշարժից հետո սովետական շինարարի կիսատ թողած այս թունելով։ Ամբողջի նորոգում-կառուցումը չինացիների վրա է․ շինարարական բում է լինելու՝ ձորակում հայտնված նոր-նոր ծանրաքարշ տրակտոր-էքսկավատորներից եզրակացնում են շիրակցիները։
Իրանք իրանց տեխնիկան առել-բերել են իրենց հետ:
Ջրամբարի պաշտոնական հիմնարկեքի պատվին Կապսի հատակին կապսուլա դրվեց, զմռսեցին բետոնով։ 36 ամսից կառուցապատողն աշխատանքը պետք է հանձնի ոռոգում ապահովողներին։ Փոխվարչապետը վստահ է՝ այն ոչ միայն գյուղատնտեսության-տնտեսության, այլև էկոհամակարգի համար մեծ նշանակություն կունենա։
Տիգրան Խաչատրյան (ՀՀ փոխվարչապետ) - Հույս ունենք, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունն իր հնարավորությունները կօգտագործի ծրագիրը ժամանակին և որակով հանձնելու համար:
Ամիսներ անց կսկսվի նաև ջրամբարի պատճառով տեղափոխվող Ջրաձորի նոր վայրում կառուցումը։ 84 տնով էկոգյուղ է լինելու՝ ջեռուցման ու կոյուղու ցանցով, ուր մարդկանց ճանապարհին կովերը չեն թրքի․ ամեն ինչ պլանավորել են վերջին խոսքով՝ թվարկում է նախագծի ղեկավարը։
Տիգրան Բարսեղյան (նախագծի գլխավոր ճարտարպետ, ՃՇՀԱՀ պրոֆեսոր) - Արևի էներգիայից օգտվելու հնարավորությունը, անասնատար ճանապարհների առանձին լինելը ասֆալտե ճանապարհից, որպեսզի անվտանգություն ու սանիտարական պայմաններ ապահովվեն:
Ջրաձորից միայն 3 ընտանիք է ԲԳՎ վերցրել, մնացածը նոր գյուղ կտեղափոխվեն՝ ասում է վարչական ղեկավարը։
Արա Հարությունյան (Ջրաշենի վարչական ղեկավար) - Գյուղացիներն ուզում են՝ բնականաբար: Գյուղացին տվել է իր համաձայնությունը:
Գյուղի կառուցման համար առանձին մրցույթ կհայտարարվի։ Պետությունն այժմ ուսումնասիրում է, թե ուրիշ որտե՞ղ կարելի է ջրամբար կառուցել։ Սովետի ժամանակ պլանավորած որոշ վայրերում արդեն հնարավոր չէ․ պատճառը գետերի ցամաքելն է։ Այնպես որ՝ Կապսի դեպքում առաջին փուլով չեն բավարարվի։
Գնել Սանոսյան - Մենք հիմա երկրորդ փուլի բանակցություններն ենք սկսում, որ պատվարը էլի բարձրացնենք, որ 25 մլն ջուրը դարձնենք 60 մլն, նաև համապատասխան ջրանցքներ կառուցենք, որ ոռոգելի կդարձնեն ոչ միայն Շիրակի, այլև Արագածոտնի հողերը:
Ըստ Գնել Սանոսյանի՝ ոռոգումն այս տարի լարված է լինելու, քանի որ երկրի ջրամբարներում այժմ, նախորդ տարվա նույն ժամկետի համեմատ, մոտ 200 մլն խմ-ով քիչ ջուր է կուտակված։ Խնդիրն ապագայում լուծելու համար Կառավարությունը խոստացած 15 նոր ջրամբարից 5-ի դեպքում արդեն հասել է նախագծման փուլ։
Աշոտ Խաչատրյան (ՀՏԶՀ ՋԾԻՄ տնօրեն) - Մեր հաջորդ ջրամբարը, որ շուտով կներկայացնենք Եվրասիական բանկի ֆինանսավորմանը, կլինի Մաստարա-Սելաֆ ջրամբարը:
Այս տարի նաև շահագործում կունենանք: Շինարարը շուտով ոռոգման ցանցին կփոխանցի նորակառույց Վեդիի ջրամբարը։