ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում մտահոգություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում առկա են բազմաթիվ ճգնաժամային իրավիճակներ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանային խնդիրները։
Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն: Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
«Նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները՝ 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին համապատասխան»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Նա նաև հույս է հայտնել, որ երկրները կսկսեն սահմանազատման գործընթացը: Տասմագամբետովը հավելել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը վերահաստատում է Երևանին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ ինչպես ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու, այնպես էլ ռազմատեխնիկական աջակցության, սահմանապահների ուսուցման և նրանց ժամանակակից տեխնիկական միջոցներով զինելու միջոցով:
ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ՀԱՊԿ-ՈՒՄ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում կարևորել է ՀԱՊԿ-ում միասնությունը՝ հանուն կազմակերպության անդամների ինքնիշխանության և անկախության պահպանման։
«Վստահ եմ, որ Բելառուսի նախագահության կարգախոսը, այն է՝ «Համերաշխության և գործակցության միջոցով դեպի խաղաղություն և անվտանգություն», համապատասխանում է ՀԱՊԿ-ի բոլոր անդամների շահերին։ Մենք ջանքեր կգործադրենք՝ բարձրացնելու ՀԱՊԿ-ի պետությունների համախմբվածության մակարդակը», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Նրա խոսքով՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգություն և կայունություն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա հակասությունները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ՝ ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ
Մոսկվայում մայիսի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան:
Նա տեղեկացրել է, որ մայիսի 24-25-ը Մոսկվայում կանցկացվի նաև Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները:
ԱՐՑԱԽԸ ՀՀ-ԻՆ ԿԱՊՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացումը անվիճելի անհրաժեշտություն և հրամայական է` հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը` Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ պատասխանելով Բրեդ Շերմանի հարցին:
Կոնգրեսականը հետաքրքրվել է՝ արդյոք Միջազգային զարգացման գործակալությունը Արցախի շրջափակումը որակում է որպես ճգնաժամ, և ինչ կարող է անել Արցախի ժողովրդին օգնելու համար:
Փաուերը հիշեցրել է, որ Արցախին մարդասիրական օգնություն փոխանցող գործընկերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, և նույնիսկ այդ կազմակերպության ավտոշարասյունն է դժվարությամբ մուտք գործում Լեռնային Ղարաբաղ:
Կոնգրեսական Քրիս Սմիթը ևս անդրադարձել է Արցախի շրջափակմանը և այնտեղ բնակվող մարդկանց ԱՄՆ-ի մարդասիրական օգնությանը: Փաուերը նշել է, որ սննդամթերքը պետք է տարածաշրջան հասնի առևտրային ուղիներով, սակայն ճանապարհի արգելափակման և անցակետերի տեղադրման պատճառով դա հնարավոր չէ, ուստի, հնարավորության դեպքում օգնությունը տեղ է հասցվում ռուսական խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի միջոցով:
Սամանթա Փաուերը նաև հիշեցրել է, որ Արցախ երկու առաքելություն է ուղարկվել, և ինքն անձամբ ՄԱԿ-ին կոչ է արել միջգերատեսչական առաքելություն ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը գնահատելու համար:
ԻՐԱՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Թեհրանը հերքել է Բաքվի մեղադրանքները, թե իրանական հատուկ ծառայությունները ադրբեջանցիների են հավաքագրում՝ այդ երկրի տարածքում կրոնական պետություն ստեղծելու նպատակով, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
«Ցավոք, Ադրբեջանի կառավարությունը իրանական կազմակերպությունների հետ կապ ունենալու կեղծ մեղադրանքներով ձերբակալում է սեփական քաղաքացիներին»,- նշել է Նասեր Քանանին:
Նա ընդգծել է՝ ադրբեջանցիները և իրանցիները բարեկամ ժողովուրդներ են, և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը` չվնասել այդ հարաբերությունները։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը, ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը հայտնել էին Իրանի համար աշխատող մի խումբ քաղաքացիների բացահայտման մասին: Ադրբեջանական կողմը պնդում է, թե իբր նրանք Իրանից հրաման էին ստացել մահափորձ իրականացնել ադրբեջանցի պաշտոնյաների և հասարակական գործիչների նկատմամբ, ինչպես նաև կրոնական արմատականություն քարոզել։
ԲԱՀՉԵԼԻՆ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԱԽԱԳԱՀ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կդառնա երկրի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահը՝ հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքով՝ Բահչելին ընդունել է առաջարկը։
Վերջինս Թուրքիայի իշխող կուսակցության մերձավոր դաշնակիցն է և թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման քաղաքական թևի առաջնորդը:
Մայիսի 14-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում խորհրդարանում իշխող ուժը մեծամասնություն է ստացել. նրան է պատկանում խորհրդարանի 600 մանդատից 322-ը: