ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել, որ մայիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում Սոթքի հատվածում, նրա ձևակերպմամբ, «ադրբեջանական և հայկական կողմերը խախտել են հրադադարի ռեժիմը»։ Զախարովան կոչ է արել չսրել սահմանին իրավիճակը:
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Մենք կոչ ենք անում հայկական և ադրբեջանական կողմերին զերծ մնալ սադրիչ գործողություններից: Կարծում ենք, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական հարթությունում և դիվանագիտական մեթոդներով։ Ռուսաստանը մտադիր է նպաստել դրան, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման շրջանակում։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՄԻՐԶՈՅԱՆ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Զախարովան հավելել է, որ Մոսկվայում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ բանակցությունները։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ այդ շփումները կնպաստեն հայ-ադրբեջանական կարգավորման առաջմղմանը և վիճելի հարցերի լուծմանը:
Մարիա Զախարովա - Նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը: Առարկայական քննարկում կանցկացվի նաև եռակողմ հայտարարությունների իրականացման, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, ինչպես նաև քաղհասարակության, փորձագիտական և խորհրդարանական շրջանակների միջև շփումների հետ կապված հարցերի շուրջ։
ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Զախարովան անդրադարձել է նաև մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Լրագրողի հարցին` ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այն փաստին, որ Շառլ Միշելը հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ չի հիշատակել ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրված նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նա պատասխանել է.
Մարիա Զախարովա - Արևմուտքն իսկապես չի հիշատակում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման անկյունաքարային փաստաթղթերը, որոնք կարևոր են համարում թե՛ Երևանը, թե՛ Բաքուն: Պատճառը մեկն է՝ Արևմուտքին նյարդայնացնում է փաստը, որ այդ խաղաղարար նախաձեռնությունները մշակվել են Ռուսաստանի մասնակցությամբ և այժմ գործնական արդյունք են տալիս։ Արևմուտքի միջնորդությունը ոչ թե կառուցողական է, այլ ավելի շատ կործանարար։ Բայց այս ամենը չի նշանակում, որ Մոսկվան չի ողջունի այն ջանքերը, որոնց շնորհիվ իրական արդյունքներ կարձանագրվեն: Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Արևմուտքը փորձում է իրեն վերագրել արդյունքներ, որոնք դեռ չկան:
Զախարովան անդրադարձել է նաև Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի գործակցությանն ու տարածաշրջանային հարցերում երկու երկրի դիրքորոշումներին:
Մարիա Զախարովա - Հարավային Կովկասում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցությունն իր բնույթով միատեսակ չէ։ Կան կետեր, որոնց շուրջ մենք համակարծիք ենք, կան հարցեր, որոնց դեպքում դիրքորոշումները տարբերվում են։ Սա նորմալ աշխատանքային գործընթաց է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է՝ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների ջանքերով լուծում են գտել տարածաշրջանային այնպիսի հարցեր, որոնք, Զախարովայի խոսքով, տարիներ առաջ անլուծելի էին թվում: