Կառավարության որոշմամբ` երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրերի 2023 թվականի բյուջեն համալրվեց 300 մլն դրամով:
«Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը աջակցություն է ստացել 6 409 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 345 մլն դրամ: Ընդ որում, 2021 թվականին աջակցություն է ստացել 1949, իսկ 2022-ին՝ 3088 շահառու: Աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորված է ակտիվ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև պոտենցիալ շահառուների շրջանում մեծ հետաքրքրությամբ, ինչը նշանակում է, որ ծրագրերն ուղղակիորեն նաև ազդեցություն են ունեցել ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: Նա նշեց, որ եթե ընտանիքն ունի երկու անչափահաս երեխա, որոշում է տուն ձեռք բերել կամ կառուցել, աջակցության չափը ձեռք բերվող բնակարանի կանխավճարի 5 տոկոսի չափով է, առավելագույնը 1 մլն դրամ, որին ավելանում է երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար գույքի արժեքի 5 տոկոսի չափը. առավելագույնը կես մլն դրամ: Սա առաջին բաղադրիչն է:
Երկրորդ բաղադրիչի դեպքում Կառավարությունը տրամադրում է կանխավճարի ապահովագրության ամենամյա վճարը:
Երրորդ, նախարարի խոսքով, ամենապահանջված բաղադրիչը հետևյալն է. հիփոթեքային արդեն գործող վարկ ունեցող ընտանիքում եթե ծնվում է երեխա, Կառավարությունը տրամադրում է աջակցություն մայր գումարի մարման համար:
Աջակցության չափերը հետևյալն են. մինչև կես մլն, եթե ընտանիքում ծնվում է առաջին կամ երկրորդ երեխան, մինչև 2 մլն, եթե ընտանիքում ծնվում է երրորդ և հաջորդ երեխան, մինչև 1.5 մլն, եթե ընտանիքում ծնվել է 1-ին կամ 2-րդ երեխան և շահառուի 25 տարին չի լրացել, մինչև 4 մլն, եթե ընտանիքում ծնվել է 3-րդ և հաջորդ երեխան և շահառուի 30 տարին չի լրացել: «Մենք 4 միլիոնի 60 հաստատված ծրագիր ունենք»,- ասաց Նարեկ Մկրտչյանը: