Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի Հանրապետությունում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Կալե Լանետին:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Գրիգոր Մինասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման բարեփոխումները:
Հաշվի առնելով թվայնացման ոլորտի էստոնական առաջադեմ և հաջողված փորձը՝ անդրադարձ է կատարվել դատարանների թվայնացմանն ու դրա՝ ՀՀ-ում տեղայնացման հնարավորությանը։
Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն։
Պաշտոնական այցի ընթացքում ուսումնասիրվել են Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների պահման պայմանները, վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրված գործիքները։
Գրիգոր Մինասյանը հանդիպել է նաև Էստոնիայի Գերագույն դատարանի նախագահ Վիլու Քովյեին։
Քննարկվել են երկու երկրների դատական մարմինների գործառույթները, ընթացիկ բարեփոխումներն ու դատական համակարգը լավարկելուն ուղղված քայլերը:
Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։