ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը պետությանը պատճառել է մոտ 255 մլն դրամի վնաս: 2011-ին Պաշտպանության նախարարությունը օրենքի խախտմամբ ուղղակի վաճառքով նրան է օտարվել ՊՆ-ին պատկանած հողատարածք:
Հայկ Վարդանյան (Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ) - Նշված հողամասը գտնվում է Դավիթ-Բեկ 155/3-ում, 12 500 քառ մ մակերեսով գործարքի գինը կազմել է 87 մլն դրամ:
Արշալույս Փայտյանը հենց այդ ժամանակահատվածում է եղել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Ընդհանրապես, ՊՆ-ին Կառավարությունը լիազորել է օտարելու իրեն ամրացված հողատարածքները միայն բավարար հիմքերի առկայության դեպքում՝ սահմանված օրենքով: Բարեգործական նպատակով է եթե իրականացնում, ենթակառուցվածքների և այլ հիմքերով:
Խնդիրն այն է, որ, ուղղակի, տվյալ դեպքում նշված հիմքրից որևէ մեկը առկա չի եղել, և խախտմամբ է այն օտարվել: Օտարումից շատ չանցած՝ 2012 թ. փետրվարին, այն գրավադրվում է: Նախ գրավադրվում է «Հայբիզնեսբանկում», որով տրամադրվում է 300 000 դոլար վարկ: Այսինքն՝ ձեռքբերման գնից մոտ 40 մլն դրամով թանկ: Կողմերի համաձայնությամբ՝ հողամասի լիկվիդացիոն արժեք սահմանվում է 166 մլն 100 հազար դրամը:
Եվս մեկ անգամ էլ այն գրավադրվում է նույն տարվա դեկտեմբերին, այս անգամ՝ Փայտյանի որդու պարտավորությունների համար: «Յունիբանկ» ընկերությունում լիկվիդացիոն արժեք գնահատվում է 227 մլն դրամը: Այս անգամ արդեն՝ ձեռքբերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի թանկ: Գործարքից 3 տարի անց հենց այդ բանկին էլ հանձնվում է այդ տարածքը, որի դիմաց բանկը պարտավորվում է զիջել 824 000 դոլարին համարժեք դրամ պարտքը:
Դրամով այն համարժեք է 342 մլն 373 հազարին, ինչը փաստում է, որ հողամասը մի քանի անգամ էժան գնով է վաճառվել՝ այդ կերպ պետությանը 255 մլն 373 հազար դրամի վնաս պատճառելով:
Դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար։ Մայիսի 11-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:
Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը այս ոլորտում արդեն մի շարք ուսումնասիրություն է իրականացրել, նմանատիպ 1 տասնյակից ավելի դեպք է արձանագրվել:
Ժամանակագրությունն ընդգրկում է 2005-ից մեր օրերը: Օտարվել են նույնիսկ հատուկ նշանակության տարածքներ, որոնց օտարման արգելքը սահմանված է հստակ: Հատուկ նշանակության տարածքներ ասելով՝ նկատի ունենք նախկին զորամասերի տարածքներ:
Բացի այդ արգելքը խախտելուց՝ տարածքներն ու անշարժ գույքը օտարել են շուկայականից անհամեմատ ցածր արժեքով, պետությանը շուրջ 3 մլրդ դրամի վնաս է պատճառվել:
Հակակոռուպցիոն կոմիտե այս դեպքերը ևս ներկայացվել են, առանձին ամեն դեպքով կրկին քրեական վարույթներ են նախաձեռնվել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան