ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկնել է Ճապոնիա՝ մասնակցելու մայիսի 19-21-ը նախատեսված G7-ի գագաթնաժողովին: Հիրոշիմայում Սպիտակ տան ղեկավարին ընդունել է Ճապոնիայի վարչապետը:
Բայդենը շնորհակալություն է հայտնել Ֆումիո Կիսիդային՝ նշելով՝ Ճապոնիայի ղեկավարությամբ Յոթի խումբն առաջընթաց է գրանցել իր նպատակները կյանքի կոչելու հարցում: Նա նաև ընդգծել է Վաշինգտոնի և Տոկիոյի միջև գործակցության զարգացման դինամիկան։
Ֆումիո Կիսիդան էլ հայտարարել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ը մտադիր են պահպանել ազատ աշխարհակարգը, որը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա:
Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակելու Կիևին աջակցությունը և օգնելու Ուկրաինային՝ պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին: Ակնկալվում է, որ G7-ի երկրները առաջիկա գագաթնաժողովին կքննարկեն նաև հակառուսական պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը:
Բայդենը ԱՄՆ երկրորդ գործող նախագահն է, որն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ատոմային ռմբակոծության ենթարկված Հիրոշիմա: 2016 թվականին Ճապոնական այս քաղաք էր այցելել Բարաք Օբաման։