Կառավարությունն ընդունել է որոշում «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով: Արդյունքում՝ ֆինանսական միջոցներ կնախատեսվեն 2022-2023 թթ. հիմնանորոգման ծրագրով նախատեսված թվով 6 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքները 2023 թվականին ավարտելու, թվով 7 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, ինչպես նաև 7 ճանապարհահատվածների և 5 տրանսպորտային օբյեկտների նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար: «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում կիրականացվի 1,897,819.8 հազ. դրամի աշխատանք, իսկ 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման շրջանակներում՝ 2,262․5 հազ. դրամի։
Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի ք. Ա. Մյասնիկյան փողոց 43/4 հասցեում գտնվող գույքն օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 72 600 000 ՀՀ դրամ։
Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունն արտերկրում հանրահռչակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: 2023 թվականի հունիսի 6-ին լրանում է հայ մեծանուն կոմպոզիտորի 120-ամյակը: Մշակվել է միջոցառումների իրականացման լայնածավալ ծրագիր, որն ընդգրկում է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված բազմաժանր միջոցառումներ՝ մրցույթներ, փառատոներ, հյուրախաղեր և մի շարք այլ ծրագրեր:
Հատկացվող գումարի շրջանակում ընդհանուր առմամբ կիրականացվի 2 միջոցառում` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի հյուրախաղերը ԱՄՆ-ում, Կանադայում և Հունաստանում (3 համերգ), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Ֆրանսիայում (2 ներկայացում):