«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները խորհրդակցություն են անցկացրել ԿԳՄՍ նախարարությունում՝ քննարկելու մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը: Նա ընդգծել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքները սահուն են ընթանում, և ամեն ինչ պետք է արվի մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար: Երկրորդ անգամ անցկացվող մրցաշարն այս տարի տեղի կունենա մայիսի 19-20-ը:
Խորհրդակցությանը, բացի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներից, մասնակցել են նաև ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Ազիզյանը, ներկայացուցիչներ Առողջապահության նախարարությունից, Գեղարքունիքի մարզպետարանից, կազմակերպչական հարցերով զբաղվող ընկերությունից, մրցավարական և տեխնիկական խմբերից:
ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը զեկուցել է, որ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 251 դպրոցի 1984 աշակերտ է մասնակցել:
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Լոռու մարզում, որտեղ ուժերն են չափել 37 դպրոցի 500 աշակերտներ: Ակտիվ մասնակցություն է գրանցվել նաև Արմավիրի մարզում՝ 30 դպրոցի շուրջ 210 աշակերտների միջև:
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Վերջնարկը նախատեսվում է անցկացնել մայիսի 20-ին Պարզ լճին հարող տարածքում:
Բուն մրցման նախորդ օրը՝ մայիսի 19-ին, կկազմակերպվի ճամբար: Մրցավարները և մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն Պարզ լճի տարածքում, կծանոթանան վազքուղուն։ Նախատեսված են նաև մշակութային, ժամանցային միջոցառումներ:
Հանձնաժողովի անդամները քննարկել են նաև մրցաշարի անվտանգությանը և բժշկական օգնությանը վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակից թիմերն ապահովվելու են ճանապարհածախսով, գիշերակացով և մարզահագուստով:
Հիշեցնենք՝ մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ:
Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:
Հատկացված գումարով նախատեսվում է նաև մասնակիցների համար ապահովել գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, շնորհակալագրեր, հուշանվերներ: Միջոցառման անցկացման համար կիրականացվի տարածքի ձևավորում, նկարահանում, իսկ փակման արարողության ժամանակ կապահովվի նաև ուղիղ հեռարձակում: