ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Մինչ խորհրդի նիստը անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձևավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի և սկզբունքների վրա: «Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ: Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա:
Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին:
ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը ներկայացվում է ամբողջությամբ.
«Հարգելի՛ Վյաչեսլավ Վոլոդին,
Հարգելի՛ Վլադիմիր Անդրեյչենկո,
Կոլեգիայի նիստի մասնակիցնե՛ր,
Ողջունում եմ բոլորին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում:
Շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Պավլովիչ Ձեզ և մեր բելառուս գործընկերներին ջերմ ընդունելության և Վեհաժողովի միջոցառումների կազմակերպման համար:
Ողջունում եմ նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղար պարոն Տասմագամբետովին և մաղթում նրան արդյունավետ աշխատանք պատասխանատու պաշտոնում:
Գործընկերնե՛ր,
Գոհունակությամբ նշեմ, որ խորհրդարանական վեհաժողովի կողմից շարունակվում են աշխատանքները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության իրավական ապահովմանն աջակցելու, ազգային խորհրդարանների օրինաստեղծ գործունեության համակարգման վերաբերյալ առաջարկությունների մշակման մասով՝ ուղղված կազմակերպության նպատակների և խնդիրների իրականացմանը: Կարիք չկա թվարկել բոլոր մշակված առաջարկությունները, մոդելային օրենքներն ու հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀԱՊԿ գործունեության բոլոր բևեռներին:
Կարևոր է նաև հասկանալ, թե որքանով ենք մենք ընկալունակ ընդհանուր խնդիրների նկատմամբ: Եվ երբ խոսում ենք մեր աշխատանքի դրական փորձի մասին, պետք է հստակ հիշել, որ փոխադարձ հարգանքը, միմյանց շահերը հաշվի առնելու ձգտումը, կոնսենսուսային մոտեցումների մշակումը, բարդ իրավիճակներում դաշնակիցների աջակցությունը կոնկրետ արդյունքների հասնելու համար այն հիմքն է, որի վրա կառուցված է մեր կազմակերպությունը:
Գործընկերնե՛ր,
Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ մենք կանգնած ենք անվտանգության լուրջ սպառնալիքների և մարտահրավերների առջև: Աշխարհը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադարձությունների և վերափոխումների խաչմերուկում, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ շատ երկրների համար: Եվ Հավաքական անվտանգության պատասխանատվության գոտին եւս բացառություն չէ:
Հայտնի է, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել անցած տարի, և այժմ ես կցանկանայի տեղեկատվություն տրամադրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի մասին: Իրավիճակը բավականին լարված է: Չնայած բոլոր պայմանավորվածություններին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնալու քաղաքականությունը, թեժացնում է իրավիճակը Հայաստանի հետ սահմանին, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում:
5 ամիս Լաչինի միջանցքի ապօրինի կեղծ-բնապահպանական արգելափակումից հետո ապրիլի վերջին Ադրբեջանը դիմեց արդեն Լեռնային Ղարաբաղի պաշտոնական շրջափակմանը: Լաչինի միջանցքում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հսկիչ անցակետ տեղադրելու Բաքվի որոշումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և այս տարվա փետրվարին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշման կոպիտ խախտում է:
Գրեթե կես տարի Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայեր ապրում են լիակատար շրջափակման, առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի սուր դեֆիցիտի պայմաններում: Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ սահմանափակում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների տեղաշարժը և միջանցքով հիվանդների տեղափոխումը:
Վերոնշյալի համատեքստում մեզ համար կարևոր են դաշնակիցների և գործընկերների կողմից իրական հասցեական հայտարարություններն ու քայլերը՝ եռակողմ հայտարարության պարտավորություններին համապատասխան Լաչինի միջանցքի գործարկման ռեժիմի վերականգնման և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ անվտանգության և անօրինական գործողություններից պաշտպանվածության պայմաններում Լեռնային Ղարաբաղի կյանքը կարգավորելու նպատակով:
Գործընկերնե՛ր,
Մենք հետևում ենք Ադրբեջանի կողմից հայկական հարուստ մշակույթը ոչնչացնելու և հայկական ինքնության հետքերը ջնջելու փորձերին: Կարևոր է նշել, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նաև հաստատել է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու սպառնալիքի առկայությունը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակում:
Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին և պատանդ պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց դեմ շինծու դատավարություններ անցկացնելով:
Գործընկերնե՛ր,
Անդրադառնամ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Մենք բազմիցս հայտարարել ենք խաղաղության պայմանագիր կնքելու և տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու Հայաստանի պատրաստակամության մասին: Ադրբեջանը, սակայն, շարունակում է ագրեսիվ դիրքորոշում իրականացնել:
Օրեր առաջ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ ականանետերի և հրետանու կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Իրավիճակի նման զարգացումն ապացուցում է, որ ադրբեջանական կողմի հրահրած համակարգված սադրանքները միտված են խաթարելու բանակցային ակտիվ գործընթացները՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Նման բան տեղի ունեցավ նաև երեկ:
Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների ընթացքում իրականացված սողացող ռազմական օկուպացիայի մարտավարության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում ապօրինաբար օկուպացվել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ, որը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտի է:
Ցավում ենք, որ մեր կազմակերպությունում այդպես էլ չկա ընդհանուր գնահատական Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի փաստին, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում պահպանվում է ներխուժած ադրբեջանական զինված ուժերի հակաիրավական ներկայությունը: Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ դիտորդական առաքելության համատեքստում ընդգծվել է, որ որպեսզի առաքելությունն արդյունավետ լինի երկրի և ամբողջ տարածաշրջանի համար, անհրաժեշտ է հստակեցնել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Տարակուսելի է գործընկերների դիրքորոշումների անորոշությունը, երբ կան ագրեսիայի և Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտումների անհերքելի փաստեր:
Մեր նախորդ հանդիպման ժամանակ ես գործընկերներին զգուշացրել էի Ադրբեջանի վարած քաղաքականության ապակայունացնող հեռանկարների մասին: Բաքուն արհամարհանք է դրսևորում միջազգային գործընկերների նկատմամբ, որոնց ներկայությամբ և միջնորդությամբ պաշտոնական Բաքուն ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և պարտավորություններ ստանձնել նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման հարցում:
Հարգելի՛ գործընկերներ,
Տարածաշրջանում խաղաղության հաստատումն այն նպատակն է, որը հետապնդում է Հայաստանի Հանրապետությունը: Իսկ տարածաշրջանի կայուն խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման հիմքը կարող է լինել միայն բաց և կառուցողական երկխոսությունը: Անցած տարվանից Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որի շրջանակում որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան, և դեռ շատ հարցեր մնում են չլուծված: Մենք կարծում ենք, որ կարգավորման գործընթացը պետք է լինի առանց նախապայմանների:
Ավարտելով ելույթս՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել դիվանագիտական ջանքեր գործադրելու կարևորությունը: Կոչ եմ անում այս դահլիճում ներկա տարածաշրջանի խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, գործուն քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի խախտումները վերացնելու և ուժի կիրառումը բացառելու ուղղությամբ: Այս բոլոր մարտահրավերները ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից պահանջում են առկա հարցերը լուծել կազմակերպության ամբողջ գործիքակազմի կիրառման միջոցով, և ամենակարևորը՝ հստակ դիրքորոշումներ հայտնել դրանց վերաբերյալ՝ առանց կանխակալ քաղաքական նախասիրությունների և առաջնահերթությունների: Եթե մենք չկարողանանք միասին դա անել, վաղը նման մարտահրավերներ կարող են առաջանալ ՀԱՊԿ անդամներից յուրաքանչյուրի համար:
Տարածաշրջանի խաղաղ զարգացումն այլընտրանք չունի:
Շնորհակալություն ուշադրության համար»: