Հնդկաստանում Հայաստանի դեսպանատանը ռազմական կցորդի հաստիք կստեղծվի։ Նստավայրը կլինի Նյու Դելիում: Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում: Նստավայրը կլինի Նյու Դելիում: Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը հնարավորություն կստեղծի Հնդկաստանում ռազմական կցորդի միջոցով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի համար, այն նոր որակ կհաղորդի ռազմական ոլորտում գործընկերային հարաբերություններին և կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանը, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
«Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը կունենա Հնդկաստանի Հանրապետությունում ռազմական կցորդ, որը կիրականացնի երկու պետությունների ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կոորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի երկու երկրների միջև համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ»,- նշվում է հիմնավորման մեջ:
Ակնկալվում է նաև, որ ռազմական կցորդը, Հնդկաստանի զինված ուժերի հրամանատարության հետ հաստատելով պաշտոնական հարաբերություններ, տեղի ռազմական գերատեսչության հրավերով կապահովի զորահանդեսներին, զորավարժություններին, զորաշարժերին, սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսներին հայկական կողմի պաշտոնական ներկայացվածությունը, կայցելի ռազմական օբյեկտներ և հաստատություններ։
«Հնդկական կողմի ռազմարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացրել՝ Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք»,- նշված է որոշման նախագծում։